Մատչելիության հղումներ

Վանաձորցին ձերբակալվել է բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու մեղադրանքով


Քննչական կոմիտեն հաղորդում է հավաքներին մասնակցելու նպատակով Վանաձոր քաղաքի բնակչի կողմից նյութապես շահագրգռելու դեպքեր բացահայտելու մասին: Հարուցված քրեական վարույթի շրջանակում 27-ամյա վանաձորցին ձերբակալվել է՝ խափանման միջոց կալանք կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը»:

Ըստ Քննչականի հաղորդագրության՝ սոցիալական խնդիրներ ունեցող և բարեգործական հասարակական կազմակերպության շահառուներ հանդիսացող Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ Ազգային անվտանգության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում հաղորդում են ներկայացրել, որ իրենց համաքաղաքացի 27-ամյա երիտասարդը, նյութապես շահագրգռելով՝ գումարներ տրամադրելով, իրենց մասնակից է դարձրել 2024 թվականին Հայաստանում իրականացվող հավաքներին և բողոքի ակցիաներին:

Հաղորդման կապակցությամբ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ հիշյալ անձը, թիրախավորելով բարեգործական ճաշարանից օգտվող՝ սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, նյութապես շահագրգռելու եղանակով նրանց մասնակից է դարձրել ՀՀ-ում տեղի ունեցող հավաքներին և բողոքի ակցիաներին, ասված է հաղորդագրությունում:

«Մասնավորապես, հիշյալ անձը 2024 թվականի ապրիլի 24-ին մարդատար ավտոմեքենաներով Տավուշի մարզի Ոսկեպար համայնք է տեղափոխել գումարի դիմաց հավաքներին մասնակցելու համաձայնություն տված թվով 7 անձանց, որտեղ հոգացել է նրանց սնվելու հարցերը, ինչից հետո, պայմանավորվածության համաձայն, հիշյալ քաղաքացիները միացել են տեղում անհնազանդության ակցիա իրականացնող անձանց և մինչև ուշ երեկո մասնակցել միջպետական ավտոճանապարհը փակելու գործողություններին, ապա՝ վերադարձել են Վանաձոր քաղաք ու ստացել նախապես խոստացված 3000-ական ՀՀ դրամ գումարները։

Պարզվել է նաև, որ 2024 թվականի մայիսի 9-ին նույն անձնավորության կազմակերպմամբ, նրա տրամադրած տրանսպորտային միջոցով, բարեգործական ճաշարանի մի խումբ շահառուներ մեկնել են Երևանի Հանրապետության հրապարակ և մինչև ուշ երեկո մասնակցել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից հրավիրված հանրահավաքին, ապա, տեղում հիշյալ անձնավորությունից ստանալով նախապես խոստացված 3000-ական ՀՀ դրամ գումարները, նույն տրանսպորտային միջոցով վերադարձել են Վանաձոր քաղաք», - մանրամասնում է Քննչական կոմիտեն:

Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր գործողություններին ներգրավված բոլոր անձանց ինքնությունները, ինչպես նաև՝ ֆինանսավորման աղբյուրները պարզելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG