Երեկ երեկոյան 5 անձ է բերման ենթարկվել՝ ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածով, «Ազատության»-ը փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ըստ Աբրահամյանի՝ քրեական վարույթը նախաձեռնվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշով։ Հոդվածը նախատեսում է պատիժ երեքից վեց տարի ժամկետով:
Երեկ փաստաբան Ռուբեն Մելիքյանն էր ֆեյսբուքում գրել, թե մայիսի լույս 15-ի գիշերը «բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ» են իրականացվել։
Նրա փոխանցմամբ, «72 ժամով ձերբակալվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժամ ակտիվ աջակից հանդիսացող առնվազն 5 քաղաքացի, այդ թվում՝ «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը»։
«Քաղաքացիները բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը բնականաբար հերքվել է անձնական խուզարկությամբ։ Այնուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են», - մասնավորապես, գրել էր Մելիքյանը։
Նախօրեին ՔԿ-ն հաղորդել էր մեկ այլ ձերբակալվածի մասին՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով։
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Կոորդինատների հստակեցումը պիտի ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024թ. մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որ մայիսի 9-ից ակցիաներ, հանրահավաքներ ու ցույցեր է անում, պահանջում է հատվածական սահմանազատման կասեցում ու վարչապետի հրաժարական։ Նախօրեին, ըստ ՆԳՆ-ի, բողոքի ակցիաների 63, իսկ առաջին օրը 171 մասնակից էր բերման ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, ապա ազատ արձակվել։
Իշխանությունները շեշտում են, որ այս հավաքները փորձ են՝ ապօրինի ճանապարհով հեղաշրջում իրականացնելու։ Վարչապետի անվստահության գործընթացի նախաձեռնությունն էլ գնահատում են «զուրկ քաղաքական բովանդակությունից»։