Հայաստանի իշխանությունները հուսով են, որ Երևանն աջակցություն կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից, «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի» ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այսօր Դանիայի մայրաքաղաքում մասնակցում էր Հայաստանի ժողովրդավարության թեմայով քննարկմանը։
«Մենք հիմա սպասում ենք Եվրամիության որոշմանը՝ Հայաստանին Եվրամիության Խաղաղության հիմնադրամում ներառելու համար», - ասաց Փաշինյանը:
Օրերս «Ազատությանը» դիվանագիտական աղբյուրներից հայտնի էր դարձել, որ Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։
Հայաստանն այս հիմնադրամից օգնություն ստանալու հայտ էր ներկայացրել անցած տարի: Վարչապետն այսօրվա քննարկմանը փակագծեր չբացեց, թե ինչ փուլում են այս հարցով բանակցությունները։
Քննարկումը վարող Politico-ի խմբագիրը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Երևանն ակնկալում է, որ Եվրամիությունը կլրացնի Մոսկվայի բացը, Փաշինյանն ուղիղ չպատասխանեց, բայց նշեց՝ Երևանի քաղաքականությունն է բոլոր ոլորտներում արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացումը։
«Հիմա մենք անվտանգության դաշտում գործակցում են Հնդկաստանի, Ֆրանսիայի և մյուս երկրերի հետ։ Եվ հիմա մենք նմանատիպ գործակցություն ունենք Եվրամիության հետ», - ասաց վարչապետը:
Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանում գործում է Եվրամիության դիտորդական առաքելությունը։ «Իհարկե, դա քաղաքացիական առաքելություն է, բայց մյուս կողմից էլ՝ այն նոր գործոն է մեր տարածաշրջանի անվտանգության համար։ Առաջին անգամն է, որ ԵՄ-ն ինչ-որ կերպ ներգրավվում է Հայաստանի անվտանգության օրակարգում», - ընդգծեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցին։ Հայտարարեց, որ ռազմական կառույցից Երևանի դուրս գալը հետագա քննարկումների թեմա է։
Մինչ այս քննարկումը վարչապետը ելույթ ունեցավ՝ անդրադառնալով Հայաստանի ժողովրդավարությանը, հայտարարեց, թե Հայաստանը մեծ քայլ է արել՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները:
«Ձեռքբերում, որը շատ լավ արտացոլված է տարբեր հեղինակավոր ժողովրդավարական ցուցիչներում: Այժմ մենք 43-րդն ենք «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խոսքի ազատության ինդեքսում՝ մինչդեռ 2017-ին մենք զբաղեցնում էինք 79-րդ տեղը: 2017 թվականին Freedom House-ի կողմից դասակարգվելով որպես մասամբ ազատ համացանց ունեցող, այժմ մենք վայելում ենք ազատ համացանց ունեցող երկրի կարգավիճակը», - մասնավորապես ասաց Նիկոլ Փաշինյանը:
Չնայած վարչապետի վստահեցումներին, վերջին շրջանում ԱՄՆ Պետքարուղարությունը, Amnesty International-ը, Freedom House-ը զեկույցներ հրապարակեցին՝ ահազանգելով Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում՝ ոստիկանական բռնություններից, կամայական ձերբակալություններից մինչև դատական համակարգի անկախության ու իշխող ուժի դրամահավաքի թափանցիկության խնդիրներին։ Այս զեկույցներին անդրադառնալով՝ Հայաստանի վարչապետն իր վերջին ասուլիսում հայտարարել է, թե դրանք կարևոր են իշխանության համար՝ իրենց կողքից նայելու համար։
Ի դեպ, այսօր քննարկմանը Politico-ի խմբագիրը նաև հետաքրքրվեց՝ եթե երազանք պահելու լիներ, ե՞րբ կուզեր, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնա։ Հայաստանի վարչապետը հարցը երկրորդ անգամ հստակեցնելուց հետո ասաց՝ այս տարի. - «Ո՞ր թվականին։ Այս տարի»։