« Գազայում ընթացող պատերազմը մեզ համար գոյության կռիվ է», - այսօր հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
«Այժմ մի շատ հստակ հարց է լուծվում՝ կա՛մ մենք, կա՛մ «Համաս»-ի հրեշները։ Կամ մենք կշարունակենք գոյություն ունենալ որպես ազատ, անվտանգ ու բարգավաճ երկիր, կամ էլ տեղի կունենան ավերածություններ, կոտորած, բռնաբարություններ և ստրկացում», - հայտարարել է Իսրայելի վարչապետը՝ պնդելով, որ իր երկիրը հաստատակամ է Գազայում ընթացող ռազմական գործողությունները «հաղթական ավարտի հասցնելու հարցում»։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 35 հազարին։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները: