Մատչելիության հղումներ

Զերծ մնալ ատելության, անհանդուրժողականության կոչերից. իրավապաշտպաններ և լրագրողական կազմակերպություններ 


Իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, դերասանուհի Անահիս Սարդարյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
Իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, դերասանուհի Անահիս Սարդարյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

Վերջին օրերին Հայաստանում քաղաքական լարվածությանը զուգահեռ սրվել է նաև քաղաքական հռետորաբանությունը։ Իրավապաշտպաններն ու լրագրողական կազմակերպությունները իշխանությանն ու ընդդիմությանը հորդորում են զերծ մնալ ատելության ու անհանդուրժողականության կոչերից:

Ցույցերի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, դերասանուհի Անահիս Սարդարյանի հարթակից հնչեցրած երեկվա հայտարարություններն ու իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հարցազրույցը համացացնում քննարկման թեմա են դարձել:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը հիշեցնում է, թե ինչպիսին պետք է լինի հանրային խոսքը. - «Բացարձակ զսպված և առաջին հերթին փոխադարձ հարգանքի և մարդու իրավունքների հանդեպ որոշակի զսպվածության շրջանակներում։ Գործ ունենք բավական պայթյունավտանգ իրավիճակի հետ, հանրային որոշակի լարումներ են նկատվում, տարբեր տիպի պահանջատեր խմբեր կան, որոնք արդարացիորեն խաղաղ հավաքների միոջոցով իրավունքների խախտման խնդիր են բարձրաձայնում։ Ցավոք սրտի, այսօր արդեն իսկ երևում են այն նախանշանները, որ ատելության և նաև խտրական բառապաշար է օգտագործվում թե՛ հարթակից, և թե՛ իշխանության կողմից»։

Դերասանուհի Անահիս Սարդարյանն «Ազատության»-ն ասաց՝ իր ասելիքն այլ է եղել, ոչ մի ազգի վիրավորելու ցանկություն չի ունեցել։

«Մարդիկ, ովքեր զոհված հերոսների ծնողներին, հասարակ ժողովրդին, ովքեր հավաքվել էին երեկ Հանրապետության հրապարակում, կապ չունի՝ ում իշխանության ներքո, կսկսեն անվանել «լափամանից լափողներ», «կրիմինալ», «նարկոբարոններ», այդ մարդիկ ինձ համար հայ չեն, թող հեռանան, մնացած հայերով հանգիստ ապրենք։ Կոնտեքստս եղել է այդպիսին, միգուցե այո, հուզմունքից, քանի որ ես քաղաքական գործիչ չեմ, ես կետ առ կետ չեմ նշում ինձ մոտ՝ բարձրանալիս ինչ պիտի խոսեմ, ես պատրաստված չեմ եղել խոսքին։ Սրբազանը խնդրեց, ասացի՝ սիրով կասեմ։ Հուզմունքից միգուցե և նախադասությունների հետ ու առաջ լինելուց, կոնտեքստից կարողացել են այնպես կտրել, ոնց որ իրենց է ձեռնտու եղել։ Բայց, մի մարդ, ով 20 թվականից հայի կողքին է եղել ամբողջ օրը՝ իր ֆիզիկապես և հոգեպես վիճակը ներդնելով հային միայն լավը տալու մեջ, կարծում եմ՝ արդար չի այդպիսի բանում մեղադրել», - ասաց նա։

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հերքում է Սարդարյանի պնդումը, թե վարչապետը հրապարակում հավաքված մարդկանց է անվանել «նարկոբարոններ», իսկ ՔՊ-ական պատգամավորը՝ «լափամանից զրկվածներ»։

«Բացարձակ սուտ է։ Չգիտեմ՝ Միհրան Պողոսյանն ինչքանով էր այդ հրապարակում կանգնած, ու կամ Միհրան Պողոսյանի գրասենյակում գտնված մեկ տոննան ինչքանով կապ ունի որևէ զոհվածի ծնողի հետ։ Ինձ նման բան առնվազն հայտնի չէ։ Փորձում են իրենց պարագլուխներին ուղղված խոսքերը վերագրել այնտեղ հավաքված հասարակ քաղաքացիներին։ Բա 1.5 միլիարդ ապօրինի գույքի բռնագանձման բոլոր գործերը, որ կան, ո՞ւմ մասին է, արդյոք այդ գործերով անցնող մարդիկ լափամանից կտրվածներ չեն», - ասաց պատգամավորը՝ շարունակելով. - «Գուցե կոպիտ է, բայց ատելության խոսք միանշանակ չես անվանի։ Հիմա լափաման չասեն, ասեն, օրինակ, կերակրատաշտ»։

Դատապարտում են ԶԼՄ-ների դեմ հարձակումների ու բռնությունների դեպքերը

Լրագրողական մի շարք կազմակերպություններ էլ այսօր համատեղ հայտարարությամբ դատապարտել են ԶԼՄ-ների դեմ հարձակումների ու բռնությունների դեպքերը:

Հայտարարությունում, մասնավորապես, ընդգծվել է, որ շարժման մեկնարկից ի վեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ բռնության արդեն 6 դեպք է արձանագրվել։ Դրանցից 3-ում ոստիկաններն են չարաշահել իրենց լիազորություններն ու անհիմն ուժ կիրառել լրագրողների ու օպերատորների դեմ, մյուս 3 դեպքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ բռնարարքների են դիմել ակցիաների մասնակիցները, «կամ երբ դրանք տեղի են ունեցել ակցիաներից դուրս՝ Բագրատ Գալստանյանի համակիրները», հայտարարում են լրագրողական կազմակերպությունները։

Նրանք նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն են հիշեցրել, երբ նա ասել էր. «Գիտեք ես չե՞մ ուզում լրագրող ծեծել, ես դրա իրավունքը չունեմ, ես դրա մասին մտածելու իրավունք չունեմ․․․»։

Կազմակերպությունները նշել են՝ «կարելի է ենթադրել՝ եթե ԱԺ նախագահը լրագրող ծեծելու իրավունք ունենար, նա դա կաներ, որովհետև այդպիսի ցանկություն ունի»։ Սիմոնյանն, ի դեպ, ևս պնդում է, որ իր խոսքը հակառակի մասին էր։

Լրագրողական ՀԿ-ները նաև Բագրատ սրբազանի երեկվա հայտարարությունն են ընդգծել, երբ նա ամբիոնից իշխանամետ Araratnews.am-ի պատասխանատուներին անվանել էր «տականք» և «մարդասպան»՝ իր խոսքերն աղավաղելու համար։ Այս բառապաշարը վիրավորական են որակել լրագրողական կազմակերպությունները:

«Ընդունո՞ւմ եք, որ անհանդուրժողականության և ատելության կոչեր են հնչել հարթակից», «Ազատություն»-ը գրավոր այս հարցն ուղղել է Բագրատ սրբազանին, որն այսօր դռնփակ հանդիպումների օր է հայտարարել: Պատասխան դեռ չենք ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG