Հայ-ադրբեջանական բանակցությունները՝ արտգործնախարարների մակարդակով, այսօր կշարունակվեն։
Արարատ Միրզոյան- Ջեյհուն Բայրամով հանդիպումը մեկնարկել էր երեկ Ղազախստանի մայրաքաղաքում։
- Հայաստանը պատրաստ է ոչ միայն խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, այլև առաջ գնալ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում, Ալմաթիում երեկ հայտարարել էր Հայաստանի արտգործնախարարը։
- Միրզոյանը շեշտել էր բանակցությունները ղազախական հարթակում, մասնավորապես Ալմաթի քաղաքում անցկացնելու խորհրդանշական բնույթը՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի նշանակությունը։
- Բայրամովը Ղազախստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ վստահություն էր հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածության ֆոնին բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին։
- Միրզոյանի հետ հանդիպմանն ասել էր՝ վերջին բանակցություններից հետո կարևոր տարր է ապրիլի 19-ին ստորագրված արձանագրությունը, որով հայ - ադրբեջանական պետական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման գործընթացին սկիզբ դրվեց:
Միրզոյանն ու Բայրամովը նախորդ անգամ բանակցել էին փետրվարին Բեռլինում։ Շոշափելի առաջընթացի մասին, սակայն, կողմերը չէին հաղորդել: