Միացյալ Նահանգները ողջունում է Ղազախստանի առաջարկը՝ մայիսի 10-ին Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով, ադրբեջանական «Թուրան» գործակալությանը հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։
«Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է»,- ասել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության պաշտոնյան՝ հավելելով․- «Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը։
«Ինչպես բազմիցս նշել ենք՝ մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս արձանագրված առաջընթացից և աջակցում ենք երկու երկրներին, երբ նրանք շարժվում են դեպի խաղաղ համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի», - նշել են պետքարտուղարությունից։
Ալմաթիում այսօր նախատեսված են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները։
Բաքուն հաղորդել է, որ Ջեյհուն Բայրամովն արդեն մեկնել է Ղազախստան, քննարկումները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագծի շուրջ են լինելու։
Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։