Գերագույն հոգևոր խորհուրդը, որը Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր վարչախորհրդակցական մարմին է, վերահաստատում է իր դիրքորոշումը սահմանազատման վերաբերյալ՝ նշելով, որ Տավուշի մարզից տարածքներ են Ադրբեջանին միակողմանիորեն հանձնվում։ Կառույցը տարածած հաղորդագրությամբ անընդունելի է համարում իշխանությունների որդեգրած քաղաքականությունը։
«Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի համար։ Ստեղծված կացությունն արդարացի ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության և, մասնավորապես, Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում՝ պատճառ դառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման սկզբնավորման», - ասված է Գերագույն հոգևոր խորհրդի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նման մարտահրավերների պարագայում «հոգևոր սպասավորները, տվյալ դեպքում` Տավուշի թեմի եկեղեցականները` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատարիմ իրենց հոգևոր առաքելությանն ու կոչմանը, չեն կարող անտարբեր մնալ ու անհաղորդ՝ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին»:
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ Կիրանցից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան, որտեղ նախատեսում են լինել մայիսի 9-ին: Շարժման և այս պայքարի նպատակն է հասնել սահմանազատման կասեցմանը։
Վարչապետ Փաշինյանն այսօր անդրադարձավ այդ շարժմանը՝ հայտարարելով՝ նրանք, ովքեր ասում են սահմանազատման կասեցում, ուրեմն նրանց քաղաքական օրակարգը պատերազմ սադրելն է։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդ անձանց օրակարգը նաև պատերազմի արդյունքում իշխանափոխություն ապահովելն է՝ ոչ ընտրական ճանապարհով, ինչպես նաև ոչ լեգիտիմ՝ մարիոնետային իշխանության հաստատումը Հայաստանում։
Գերագույն հոգևոր խորհուրդը ժողովրդին հորդորում է գործել միայն խաղաղ ճանապարհներով՝ զերծ մնալով հակաօրինական գործողություններից, իսկ իշխանությանը՝ անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին և խաղաղությանն ուղղված գործընթացներում առաջնորդվել այնպիսի մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքները։
«Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման, մեր ժողովրդի ինքնության ու իրավունքների պաշտպանության, ազգային կյանքում միասնականության ու եղբայրսիրության ամրապնդման՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը», - նշել է Խորհուրդը։