Հայաստանի Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հունգարիայի իր պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսին ևս մեկ անգամ վերահաստատել ՀՀ հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղության հաստատմանը, հայտնում է Արտգործնախարարությունը։
«Մենք կառուցողաբար ներգրավված ենք բանակցություններում, որոնց նպատակն է վերջնականապես կարգավորել հարաբերությունները հարևանների հետ, մասնավորապես Ադրբեջանի հետ, վերջ տալ երկարամյա հակամարտությանը։ Կան մի շարք սկզբունքներ՝ փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանազատման վերաբերյալ՝ Ալմա-Աթայի՝ դեռևս 1991թ․ ստորագրված փաստաթղթի և դրանում արձանագրված, ամրագրված սկզբունքների հիման վրա։ Արդեն նշեցի, ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին և հուսամ մոտ առաջիկայում այստեղ ևս արդեն շատ կոնկրետ արդյունքներ կկարողանանք արձանագրել», - ընդգծել է Միրզոյանը։
Արձագանքելով Ադրբեջանի պետական գործակալության լրագրողի դիտարկմանը, որ կարծես խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները «պինգ-պոնգ դիվանագիտություն» լինեն, Միրզոյանն ասաց. - «Այդ նույն «պինգ-պոնգ դիվանագիտության» շրջանակներում մեզ արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հոդվածների և հարցերի շուրջ»:
Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Ալմա-Աթայում տեղի ունենալիք առաջիկա հանդիպման վերաբերյալ Հայաստանի ԱԳ նախարարն ասել. - «Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել այն մասին, որ մեզ՝ իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ, ևս կհաջողվի համաձայնության հասնել կամ այս նույնը՝ նույն հավատարմությունն ու նույն սկզբունքը, հստակորեն արտացոլել նաև խաղաղության պայմանագրում, և ես կարող եմ ասել, որ դրանից հետո մենք արդեն շատ մոտ կլինենք վերջնական կարգավորմանը»:
«Անշուշտ, կան էլի հարցեր, օրինակ, քիչ առաջ ես խոսում էի տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումից, այստեղ ևս մենք դեռ լիարժեք փոխըմբռնում չունենք, բայց ունենք, օրինակ, Հայաստանի շահագրգռվածությունը բացել բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքների հաղորդակցությունն Ադրբեջանի հետ՝ հիմնված երկրների սուվերենության, ազգային իրավազորության վրա, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքներին համաձայն: Ահա այս հարցերի շուրջ, որտեղ կարծում եմ, որ մեզ կհաջողվի ուշ թե շուտ գալ համաձայնության, որովհետև արդեն երկրների ղեկավարների դեպքում, ինչպես նշեցի, և փոխվարչապետի դեպքում որոշակի ըմբռնում կա: Հիմա, եթե մեզ հաջողվի այս ամենը հստակորեն արձանագրել նաև խաղաղության պայմանագրում, կարող ենք ասել, որ մենք հասնում ենք տեղ եկարատև խաղաղության հաստատման առումով», - ընդգծել է նա:
Ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնության մասին, Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է՝ «մենք դիտարկում ենք նաև Հայաստանի կողմից վերականգնվող էներգիայի մատակարարման հարցը ԵՄ անդամ երկրներ»։
«Կան այս մասին կոնկրետ նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք դեռ քննարկման փուլում են, կամ արդեն շուտով կլինեն իրականացման փուլում։ Եվ ահա Հայաստանն, իհարկե, ցանկություն ունի մաս կազմել այս բոլոր նախաձեռնություններին», - նշել է Միրզոյանը։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան):
Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը։
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը մոտ կես տարվա դադարից հետո խաղաղության բանակցությունները վերսկսեցին մոտ երկու ամիս առաջ Գերմանիայում: Բեռլինում երկու օր տևած այդ քննարկումներից հետո, սակայն, Երևանն ու Բաքուն այդպես էլ շոշափելի առաջընթացի մասին չհայտարարեցին: