Միացյալ Նահանգների տասնյակ հեղինակավոր բուհերում շուրջ մեկ շաբաթ առաջ թափ առած ուսանողական բողոքի ցույցերի մասնակիցները Բայդենի վարչակազմից պահանջում են դադարեցնել աջակցությունն Իսրայելին, որը «Համաս»-ի ահաբեկիչների հարձակումից հետո շուրջ վեց ամիս է ռազմական գործողություն է իրականացնում Գազայի հատվածում, ինչի հետևանքով սպանվել է, տեղական իշխանությունների տվյալներով, ավելի քան 34 հազար պաղեստինցի՝ այդ թվում հազարավոր երեխաներ և կանայք:
Ուժայինների հետ բախումներով, անկարգություններով, զանգվածային ձերբակալություններով ուղեկցվող ցույցերին երեկ անդրադարձավ Սպիտակ տան ղեկավարը՝ դատապարտելով բռությունները և ընդգծելով, որ քաղաքացիները քաոս հրահրելու իրավունք չունեն։
«Խաղաղ բողոքի ցույցերը մեր լավագույն ավանդույթներից մեկն է, բայց մենք օրենքի երկիր ենք, և պետք է կարգուկանոն իշխի», - հայտարարել է Ջո Բայդենը։
Հարցին՝ արդյո՞ք ուսանողների պահանջները կարող են փոխել իր դիրքորոշումը Գազայում տեղի ունեցողի հարցում ԱՄՆ նախագահը պատասխանել է՝ ոչ։
Փոխարենը, Բայդենը շեշտել է՝ Ամերիկայում «հակասեմիտիզմը կամ հրեա ուսանողների նկատմամբ բռնության սպառնալիքները տեղ չունեն, ինչպես որ տեղ չունի իսլամաֆոբիան, արաբ ամերիկացիների կամ պաղեստինցի ամերիկացիների նկատմամբ խտրականությունը»։
Բողոքի ցույցերը ամերիկյան տասնյակ համալսարաններում՝ այդ թվում Լոս Անջելեսի Կալիֆորնիա, Տեքսասի, Հյուսիսային Կարոլինայի, Կոլումբիայի համալսարաններում, Չապել Հիլում, համալսարանում շարունակվում են ապրիլի կեսերից։ Ուսանողական դասադուլների, նստացույցերի, հանրահավաքների ֆոնին բազմաթիվ բուհեր ստիպված չեղարկում են դասընթացները։ Համալսարանների ղեկավարությունն այս գործողությունները ապօրինի է որակում և ցուցարարներից պահանջում ցրվել՝ որոշ դեպքերում օգնության կանչելով ոստիկանական ուժերին, որոնք ընդհուպ հատուկ միջոցներ են կիրառել ակտիվիստների դեմ՝ այդ թվում արցունքաբեր գազ։ Ոստիկանների հետ բախումների ընթացքում ցույցերի ավելի քան 1500 մասնակից է ձերբակալվել։
«Մեր պահանջն է պաշտպանել համալսարանում Պաղեստինին աջակցող խոսքը, պահանջում ենք նաև չեղարկել պաղեստինամետ ուսանողական կազմակերպիչներին և կազմակերպություններին առաջադրված մեղադրանքները, և որպեսզի համալսարանն անհապաղ բացահայտի իր բոլոր ներդրումներն ու նվիրատվությունները և դադարեցնի ակադեմիական համագործակցությունն Իսրայելի հետ»:
Բողոքի հուժկու ակցիաների կիզակետում է Կոլումբիայի համալսարանը, որի տարածքն օրեր շարունակ վրանային ճամբարի էր վերածվել։ Անցած օրերին ցուցարարներն ի նշան բողոքի գրավել և բարիկադավորել էին Համիլթոն Հոլը՝ Կոլումբիայի համալսարանի կամպուսի գլխավոր շենքերից մեկը, որտեղ տեղակայված են հիմնական վարչական գրասենյակները։ Իսրայելական և ամերիկյան դրոշներով փաթաթված ակտիվիստները մոտ 12 ժամ գրավված են պահել շենքը և տարածքն ազատել ոստիկանական հատուկ գործողություններից հետ։ Միայն 300 ցուցարար այդ օրն է բերման ենթարկվել։
Ամերիկացի ուսանողները պնդում են որ իրենց բուհերը ևս պետք է դադարեցնեն ներդրումները իսրայելական տնտեսության մեջ։ Բանն այն է, որ մի շարք ամերիկյան առաջատար համալսարաններ Իսրայելում ոչ միայն թանկարժեք անշարժ գույք, այլև արժեթղթերի հսկայական պորտֆել ունեն՝ լինելով իսրայելական ընկերությունների խոշոր բաժնետերեր։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով, միայն ԱՄՆ չորս խոշորագույն՝ Հարվարդի, Յեյլի, Սթենֆորդի և Կոլումբիայի համալսարանների իսրայելական բաժնետոմսերի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 140 միլիարդ դոլար:
«Մենք այստեղ ենք՝ պահանջելու, որպեսզի համալսարանները հրաժարվեն ռազմական կորպորացիաների հետ համագործակցությունից և իսրայելական օկուպացիային մասնակցությունից։ Սա ուսանողական շարժում է, մեզ մտահոգում է առաջին հերթին մեր համալսարանի մասնակցությունը ցեղասպանությանը և օկուպացիային», - Associated Press-ի հետ զրույցում ասում է ցուցարարներից մեկը։
Մեկ այլ ակտիվիստ հավաստիացնում է. - «Հակասեմիտիզմը մեզ համար անընդունելի է, և մենք այն բացարձակապես չենք պաշտպանում։ Մեզ հետ են նաև բազմաթիվ հրեա ընկերներ»:
«Սա կյանքի մասին է, պաղեստինցիների կյանքը պաշտպանելու մասին է, որոնք հենց հիմա հարձակման են ենթարկվում», - արձագանքել է մեկ այլ ցուցարար։
Ուսանողական շարժմանն արձագանքել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ընդունելով հանդերձ, որ բողոքի ցույցերը ժողովրդավարության դրսևորում է, Բլինքենը միաժամանակ քննադատել է ուսանողներին՝ պնդելով, որ նրանք իրենց ցույցերի ընթացքում քիչ են խոսում հակամարտությունում ահաբեկչական կառույց «Համաս»-ի դերակատարության մասին։
«Ես մեկ անգամ չէ որ այս մասին խոսել եմ, հակամարտությունը կարող է ավարտվել վաղը, այն կարող էր դեռևս երեկ ավարտված լինել, ամեն ինչ կարող էր մի քանի ամիս առաջ ավարտվել, եթե «Համաս»-ը վայր դներ զենքը, դադարեր խաղաղ բնակչությանը որպես կենդանի պատնեշ օգտագործել և ազատ արձակեր պատանդներին», - հայտարարել է պետքարտուղարը։
Գազայում արյունալի պատերազմի մեկնարկից ի վեր՝ ավելի քան վեց ամիսների ընթացքում Միացյալ Նահանգներում փոխվել է վերաբերմունքն այդ հակամարտության նկատմամբ։ Ամերիկացիների մեծամասնությունն այժմ, ինչպես վկայում են Gallup-ի վերջին հարցումները, չեն աջակցում պաղեստինյան անկլավում Իսրայելի գործողություններին։