Հայաստանի ու Ադրբեջանի միջև հատվածական սահմանազատումն արդեն մեկ շաբաթից ավելի է ուղեկցվում է բողոքի ակցիաներով: Տավուշից բացի նաև այլ մարզերում ու Երևանում տարբեր խմբեր անհնազանդության տարբեր ակցիաներ են անցկացնում:
Ի տարբերություն նախորդ օրերի՝ այսօր ճանապարհներ չփակվեցին, փոխարենը «Մայր Հայաստան» շարժման մի քանի անդամներ էին իրենց ղեկավար Անդրանիկ Թևանյանի ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ շրջում բուհերով:
Սկսեցին Կոնսերվատորիայի բակից։
«Մենք բոլորս մտահոգված էինք, երբ որ պարզ դարձավ, որ Կոնսերվատորիայի գործունեությունը պետք է տեղափոխեն և այս շենքն իր ֆունկցիոնալ նշանակությունից հանել։ Տեղի էր ունենում ստորագրահավաք, որին մենք էլ ենք միացել, բայց հիմա հարց է առաջանում՝ եթե բոլորս պայքարում էինք մեկ շենքի համար, արդյոք պետք է լռենք մի ամբողջ երկրի հետ տեղի ունեցողի համար», - իր ելույթում ասաց Թևանյանը։
Անդրանիկ Թևանյանը նախորդ տարի պատգամավորական մանդատը վայր դրել, որ մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Քաղաքապետ չընտրվելուց հետո ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունից էլ դուրս եկավ:
Թևանյանի ու թիմակիցների հաջորդ կանգառը Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանն ու Թատերական ինստիտուտն էին։
«Մենք համոզված ենք, որ միայն բոլորիս համատեղ ու միահամուռ ջանքերով հնարավոր է լինելու կասեցնել զիջումների, պարտությունների և նոր ողբերգությունների ընթացքը։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ներկայացուցիչներ, մեր բոլորիս պարտքն է տեր կանգնել Տավուշին, տեր կանգնել Հայաստանի Հանրապետությանը, չլռել։ Հարգելի ուսանողներ, հարգելի դասախոսներ, Բրյուսովի անվան պետական համալսարանի ներկայացուցիչներ, այն, ինչ այսօր տեղի է ունենում Տավուշում չպետք է ընկալվի որպես միայն տավուշցիների կամ առավել ևս կիրանցիների պայքար», - հայտարարեց «Մայր Հայաստան» շարժման ղեկավարը։
Այս երեք բուհերից էլ ընդդիմադիրներին չարձագանքեցին, նրանց ոչ ոք չմիացավ:
Ընդդիմադիրներն ասում են՝ այս սահմանազատմամբ իշխանությունը միակողմանի զիջումների է գնում, իշխանությունից հակառակն են պնդում՝ անվտանգային ռիսկերն են նվազեցնում։