Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել Հայաստանի կառավարության առաջնահերթությունների իրականացմանը՝ ի նպաստ երկրի դիմակայունության ամրապնդման ու տնտեսական աճի: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանը այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան համոզմունք է հայտնել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել:
Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը և այդ առումով առանցքային է համարել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը:
Վարչապետը շեշտել է ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Նա վստահություն է հայտնել, որ Կոոպմանի այցը կնպաստի միջոցառումների ծրագրի և օրակարգի ձևավորմանն ու դրա հետագա առաջմղմանը:
Խերտ Յան Կոոպմանի գլխավորած պատվիրակությանն ընդունել են նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, կայացել է հանդիպում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ: