Մատչելիության հղումներ

Տարածքների միակողմանի վերադարձից բացի, խնդիրը նաև անվտանգության երաշխիքների բացակայությունն է. Կիրակոսյան


Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ասում է՝ Տավուշում, որտեղ այժմ սահմանազատում է ընթանում, մարդիկ իրենց անպաշտպան են զգում, ուստի նորմալ է, որ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Միաժամանակ, նա նկատում է՝ ցանկացած սահմանագծում ու սահմանազատում բարդ գործընթաց է լինելու։

Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ տարածքների միակողմանի վերադարձից բացի, խնդիրը նաև իրական անվտանգության երաշխիքների կամ ակնկալիքների բացակայությունն է։

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». -Հայաստանի վարչապետն ասել է, թե Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսվել է հայ -ադրբեջանական սահմանին։ Հայաստանի ղեկավարները պնդում են, թե պետական սահմանը հենց այն է, ինչ Հայաստանին պետք է ստանալ այդ գյուղերը վերադարձնելու դիմաց։ Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը, կարող ենք արդյոք հավատալ նրանց պնդումներին։

Ռիչարդ Կիրակոսյան. - Դուք ճիշտ եք նկատել՝ շատ առումներով սա Հայաստանի միակողմանի զիջումն էր Ադրբեջանին, Ադրբեջանը ոչինչ չի վերադարձրել Հայաստանին։ Սկսելով բացասական գնահատականից՝ մենք ունենք 10-12 կմ, որ այժմ նախնական գծագրվել է, այդ թվում՝ 4 գյուղերի վերադարձը։ Համեմատեք 10-12 կմ-ը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի 200 քառակուսի կմ հետ, որը ներկայումս օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Այսպիսով, այստեղ մեծ անհամապատասխանություն կա։

Անդրադառնալով դրականին՝ սա նշանակալից էր երկու պատճառով՝ առաջին անգամն է, որ մենք տեսնում ենք, որ ինչ-որ իրական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծման շուրջ, և դա արագացնում է սահմանազատման շուրջ բանակցությունները, որոնք իրականում Հայաստանի համար ավելի կարևոր են, քան Ադրբեջանի։ Երկրորդը՝ ուշագրավ է, որ սա տեղի ունեցավ առանց Ռուսաստանի մասնակցության, և դա գործընթաց է, որն այժմ ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի ազդեցությունից կամ միջամտությունից զերծ։

«Ազատություն». - Տեսնում ենք, որ սահմանամերձ շրջանի գյուղերի բնակիչները բողոքում են, փակում են փողոցներ, կասկածում են, որ Ադրբեջանը չի բավարարվելու, որ տարածքային նոր պահանջներ է ներկայացնելու։ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները մտավախություն ունեն, որ ադրբեջանցիների հետ հարևանությամբ ապրելը անտանելի և վտանգավոր կլինի։

Մյուս կողմից պետք է նշել, որ վաղ թե ուշ այս սահմանազատումը պետք է սկսվի, և ուզես թե չուզես, կհայտնվես մի իրավիճակում, երբ ադրբեջանցին կդառնա հարևանը, ու դու ապրելու ես ադրբեջանցիների կողքին։ Ին՞չ կարծիքի եք այս մասին։

Ռիչարդ Կիրակոսյան. -Եթե նայենք ցույցերին, ապա ես կփաստեմ, որ բացասական արձագանքը և այժմ շարունակվող բողոքի ցույցերը և՛ բնական են, և՛ իրականում անակնկալ չեն. տարածքների միակողմանի վերադարձից բացի, խնդիրը նաև իրական անվտանգության երաշխիքների կամ ակնկալիքների բացակայության մեջ է։ Այլ կերպ ասած՝ սահմանի գծանշումն այնպես, ինչպես այն այժմ ընթանում է, մեծացնում է խոցելիությունը, քանի որ ադրբեջանական ուժերը շատ մոտ են գտնվելու Հայաստանի բնակավայրերից։ Այնտեղ մարդիկ իրենց անպաշտպան են զգում, ուստի նորմալ է, որ այդ բողոքի ակցիաները տեղի են ունենում, սակայն պետք է ասել, որ ցանկացած սահմանագծումն ու սահմանազատումը բարդ գործընթաց է լինելու, հատկապես եթե դրա հիմքում ընկած է մեր թուլությունը, մեր փոխզիջումները և զիջումները։ Ու եթե անկեղծ լինենք, ադրբեջանցիները ոչինչ էլ չեն արել իրական վստահություն ներշնչելու համար։

Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել տեսանյութում.

XS
SM
MD
LG