Մատչելիության հղումներ

Ռուսաստանում կրճատելու են օտարերկրացիների՝ երկրում գտնվելու առավելագույն ժամկետը


Ռուսաստան - Աշխատանաքային միգրանտներն օտարերկրացիների գրանցման կենտրոնում, արխիվ
Ռուսաստան - Աշխատանաքային միգրանտներն օտարերկրացիների գրանցման կենտրոնում, արխիվ

Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու առավելագույն ժամկետը կարող է կրճատվել մինչև տարեկան 90 օր։ Օրենքի լրամշակումները շրջանառության մեջ են դրվել Պետական Դումայում, որտեղ հայտարարել են միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասին:

Օրինագծի հեղինակներն են խորհրդարանի ստորին պալատի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Նրանց թվում են «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Վյատկինը և Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Օրինագծի հեղինակներն առաջարկում են լրամշակել «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքը։

Այսօրվա օրենքով, վիզա չպահանջող եղանակով ժամանած արտասահմանցու՝ Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու ժամկետը չի կարող ընդհանուր առմամբ գերազանցել 90 օրը յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում։ Օրինագծով առաջարկվում է «յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «մեկ օրացուցային տարվա ընթացքում» բառերով:

Ռուսաստանում գործադիր և օրենսդիր իշխանության շրջանում սկսել են առավել շատ քննարկել օտարերկրացիների նկատմամբ հսկողությունը խստացնելու թեման Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

Crocus City Hall կենտրոնում մարտի 22-ին զինյալները կրակ են բացել համերգասրահ եկած մարդկանց վրա, զոհվել է 144 մարդ, տուժել է ընդհանուր թվով ավելի քան 500 մարդ:

Այդ գործով կալանավորվել է 12 կասկածյալ: Ահաբեկչական գրոհի համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» կառույցը, մինչդեռ պաշտոնական Մոսկվան պնդում է, թե ահաբեկչության բուն հեղինակն իբր Կիևն է: Ուկրաինան կտրականապես հերքում է մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG