Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ Բագրատաշենի հարակից մայրուղում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ։
Նա մայրուղին փակած ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում բերման ենթարկվելիս վնասվածքներ էր ստացել, ոստիկանություն հասնելուց հետո ինքնազգացողությունը վատացել էր ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ ախտորոշել են ուղեղի ցնցում և սալջարդ։ Մախսուդյանը բազմաթիվ կապտուկներ ունի թևերին ու մեջքին։
Քննչական կոմիտեից «Ազատության»-ը հայտնեցին, որ Նոյեմբերյանի հիվանդանոցից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգման հոդվածով։ Քննությամբ կպարզվեն հանգամանքները, հավելեցին ՔԿ-ից։