Հայ-ադրբեջանական սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն, հայտնում են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները՝ նշելով՝ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։
«Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա», - նշված է հաղորդագրությունում։
Սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունների համաձայն՝ սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն ապրիլի 23-ին սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։
Ըստ այդ պայմանավորվածության՝ կողմերը «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։
Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ: