ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովին պաշտոնից ազատելու հրաման է ստորագրել։
Իվանովն, ըստ ТАСС-ի և РБК-ի, կասկածվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։
Դատարանը երեկ առավոտյան է Իվանովին կալանավորելու որոշում կայացրել։ Գործով երեք մեղադրյալ կա՝ Տիմուր Իվանովը, նրա ընկեր Սերգեյ Բորոդինը և կաշառք տվող անձն, ում անունը դեռ չի բացահայտվում։
Ինչպես գրում է ТАСС-ը, վկայակոչելով իրավապահ մարմիններին իր աղբյուրը, խոսքը, մասնավորապես, «նյութական իրերի» և տարբեր ծառայությունների մասին է, որոնք մատուցվել են պաշտոնյային։
ТАСС-ի զրուցակիցը նշել է, որ «ըստ հետաքննության՝ Իվանովն անընդհատ շահավետ պայմանագրեր ստանալու երաշխիքներ է ապահովել, դրա դիմաց գործարարներից ստանալով տարբեր ծառայություններ՝ սկսած տուն կառուցելուց, մինչև իրեն անհրաժեշտ տարբեր իրերի համար վճարումներ։ Այսպիսով՝ այդ ծառայությունների արժեքը կազմում է ավելի քան 1 միլիարդ ռուբլի։ Դեռ փորձաքննություն կիրականացվի»։
Նախկին նախարարի փաստաբան Դենիս Բալուևը գործակալության հետ զրույցում հաստատել է պաշտոնյային մեղադրվող իրավախախտումների մասին տեղեկությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս գումարը Իվանովը ստացել է 2018-ից 2023 թվականներին։ Նրա հաշիվներն այժմ սառեցված են։
Իվանովը պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի մայիսի 23-ից։ 2023 թվականի մայիսին "Досье"-ն գրել էր, թե ինչպես է նա անձնական կապիտալ կոտակել, մասնավորապես, ուռճացնելով պետական շինարարական պայմանագրերը՝ Ռուսաստանի զորքերի կողմից գրավված Մարիուպոլը վերականգնելու համար։