Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, այցն իրականացվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:
Մոսկվայի «Վնուկովո-2» օդակայանում Ալիևին դիմավորել են ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը և այլ պաշտոնյաներ։
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ նախատեսված է Ալիևի և Պուտինի հանդիպումը: Նախագահները քննարկելու են «ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև կանդրադառնան տարածաշրջանային ներկայիս խնդիրներին»:
Երկու երկրների ղեկավարները կհանդիպեն Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղու շինարարության վետերանների հետ: Ժամանակին այդ շինարարությունը վերահսկել է Իլհամ Ալիևի հայրը՝ խորհրդային Ադրբեջանի ղեկավար, խորհրդային փոխվարչապետ, հետագայում անկախ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը:
Այս տարի լրանում է Բայկալ-Ամուրյան ծրագրի 50-ամյակը: Երկաթուղային մայրուղու կառուցումը ԽՍՀՄ-ում այն ժամանակ հռչակվել է համամիութենական կոմսոմոլի հարվածային շինարարական նախագիծ։