Իրավապահներն առավոտից խուզարկում էին Առողջապահության նախարարությունը: Թե ինչ քրեական գործի շրջանակում, Քննչական կոմիտեից ու Առողջապահության նախարարությունից ողջ օրվա ընթացքում այդպես էլ չբացահայտեցին։ Ինքը՝ նախարար Անահիտ Ավանեսյանն «Ազատությանը» վստահեցրեց՝ տեղյակ չէ, որ իր գլխավորած գերատեսչությունում խուզարկություն է ընթանում։ Նախարարն այսօր առողջապահական թեմայով միջոցառման էր։
«Ես ինքս տեղյակ չեմ, ես գտնվում էի Կառավարությունում՝ նիստի էի, և էնտեղից եկել եմ էստեղ: Շատ բան չգիտեմ, ինքս ծանոթացել եմ լրատվությունից: Կխնդրեմ՝ հարցը իրենց ուղղեք, իրենք են հասցեատերը, և իրենք երևի պարզաբանումներ կտան», - ասաց նախարարը:
«Ազատության» հարցին ի պատասխան՝ Ավանեսյանն ընդգծեց. - «Որևէ գործի շրջանակներում վերջերս չեմ հարցաքննվել»:
Լրատվամիջոցները գրում են, թե խուզարկությունների պատճառը պետպատվերի չարաշահումներն են։ Քննչական կոմիտեից, սակայն, այս տեղեկությունը ոչ հաստատում, ոչ էլ հերքում են։
Առողջապահության նախարարն էլ վստահեցրեց՝ տեղյակ չէ, թե խոսքն ինչի մասին է, ու արդյոք իր ենթակաները հարցաքննվել են. - «Ես ինքս լրատվամիջոցներին անգամ չեմ հասցրել ծանոթանալ, այս պահին որևէ այլ տեղեկություն չունեմ»:
Քննչական կոմիտեն նույն ընթացքում խուզարկում էր նաև «Ուիգմոր» Կանանց և երեխաների բժշկական կենտրոնը։ Այնտեղից «Ազատությանը» հայտնեցին՝ խուզարկությունն ավարտվել է, բայց դարձյալ այս պահին այլ մանրամասներ չեն կարող հայտնել։ ԲԿ-ի հաղորդակցության մասնագետ Աննա Թավաքալյանը խոստացավ՝ ավելի ուշ կենտրոնը հայտարարություն կտարածի։
«Հիվանդանոցը իր բնականոն աշխատանքի մեջ է եղել ամբողջ օրը, որևէ պրոցես չի կանգնել, բոլորը զբաղված են եղել հիվանդանոցային իրենց առօրյա աշխատանքով», - ասաց Թավաքալյանը:
Բժշկական կենտրոնից նաև հերքեցին մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ղեկավարներից մեկն է ձերբակալվել։ «Միայն ես կարող եմ ասել, որ ձերբակալված մարդ չկա, այդ տեղեկությունը շատ սպոնտան տարածվել է», - նշեց Աննա Թավաքալյանը:
Ի դեպ, հենց Քննչական կոմիտեից էլ ավելի վաղ հաստատել էին՝ խուզարկության պատճառ դարձած քրեական գործով ոչ ձերբակալվածներ կան, ոչ էլ մեղադրյալներ։
Առողջապահության նախարարությանը առնչվող մեկ այլ գործ էլ անցած տարի էր հարուցվել, բայց այդ դեպքը համընկնում էր նախորդ նախարարի պաշտոնավարմանը։ Ըստ իրավապահների՝ քովիդի շրջանում պետական գումարներ էին յուրացվել, այս գործը դեռ դատարան չի մտել։