Մատչելիության հղումներ

Եզդիների ցեղասպանության օրվա հարցի քննարկումը՝ իշխանություն - ընդդիմություն փոխադարձ մեղադրանքների նոր առիթ


ԱԺ նիստ, արխիվ
ԱԺ նիստ, արխիվ

Իշխանությունն ու ընդդիմությունը անգամ Սինջարի եզդիների ցեղասպանության հիշատակի օր սահմանելու նախագծի քննարկմանը չխուսափեցին փոխադարձ մեղադրանքներից:

Ընդդիմությունը թեև կողմ քվեարկեց իշխանության նախաձեռնությանը, այդուհանդերձ հիշեցրեց, թե ինչպես է իշխող ուժը 2022 թվականին մերժել, օրինակ, նման օր սահմանել Մարաղայի ջարդի զոհերի հիշատակին, չշրջանցեցին նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ընդունված «Շուշիի հռչակագրի» դեմ բերված իրենց հայտարարությունը:

«Ուժ, որը Արցախը հռչակեց ադրբեջանական և իր վարած քաղաքականությամբ նպաստեց Արցախի կործանմանը, ուժ, որը հիմա խաղաղության դարաշրջանի անվան տակ վտանգի է ենթարկում արդեն Հայաստանի Հանրապետության գոյությունը, չէր կարող ընդունել Արցախի հանրապետության տարածքում, Մարաղայում հետանկախական Ադրբեջանի կողմից իրականացված ջարդի զոհերի հիշատակի օր սահմանելու և այդ ողբերգական դեպքերը դատապարտելու մեր առաջարկը», - հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

Ընդդիմադիր պատգամավորն իշխանությանը քննադատեց այժմ էլ Ցեղասպանության հարցը կասկածի տակ դնելու համար:

Շաբաթավերջին խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահն էր «Ազատության» եթերում հայտարարել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել և ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը:

«Հիմա նույնիսկ անցել են կոտորված հայերի ազգանուններն արխիվներից հանելուն, որպեսզի հետո, ամենայն հավանականությամբ, հայտարարեն, թե 1.5 միլիոնը հնարած թիվ է՝ մեր վզին պավադոկ դնելու և մեզ օգտագործելու համար», - ասաց Արեգնազ Մանուկյանը:

Դահլիճից որևէ ՔՊ-ական այսօր թեմային չանդրադարձավ՝ այդպես էլ չպարզաբանելով, թե ինչու է իշխանությունը զոհերին հաշվառելու քննարկում սկսել: Փոխարենը, ամբիոնին մոտեցած Վահագն Ալեքսանյանը հերթական անգամ Արցախի լուծարման համար մեղադրեց երկու ընդդիմադիր խմբակցություններին:

«Հաշվի առնելով այն կոնտեքստը, որով որ դուք ելույթներ եք ունենում, ես ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ այսուհետ ես շրջանառության մեջ եմ դնում էդ թեզը, որ դուք՝ Դաշնակցությունը, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած կուսակցությունը, Հանրապետական կուսակցությունը և դրանց սատելիտները, փաստացի հանդիսացել եք Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիոն կոալիցիա: Դուք ստորագրել եք Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիան՝ բառի ուղիղ, ամենաիսկական իմաստով, դուք հանդիսանում եք կապիտուլյացիոն քաղաքական ուժեր», - հայտարարեց Ալեքսանյանը:

Ի պատասխան՝ ընդդիմությունը հիշեցրեց, թե ինչպես է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու խոստմամբ 2021-ին իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր»-ը հաջորդ տարիներին ոչ միայն վերանայել այդ ծրագիրը, այլև՝ իջեցրել բանակցային նշաձողը: Իսկ 2022-ին Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ հրաժարվել Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը լինելու հանձնառությունից, ինչի հետևանքն էլ եղավ Արցախի հայաթափումը:

Վերադառնալով նախագծին՝ դրա քննարկումը պատգամավորները շարունակեցին օրվա երկրորդ կեսին, որից հետո այն քվեարկվեց և ընդունվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG