Մեծ Բրիտանիան բանակցում է չորս երկրի, այդ թվում՝ Հայաստանի հետ Միացյալ Թագավորությունից արտաքսված անօրինական միգրանտներին ընդունելու համար, հաղորդում է Բրիտանական The Times պարբերականը։
Արդյո՞ք Մեծ Բրիտանիայից Հայաստանին նման առաջարկ եղել է և ի՞նչ փուլում է երկխոսությունը։ Հայաստանի արտգործնախարարությունից արձագանքել են հրապարակմանը, բայց առաջարկ եղել է, թե՝ ոչ հստակ չեն պատասխանել։
«ՀՀ և ՄԹ-ն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, իսկ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»,- «Ազատության»-ը հայտնել են արտաքին գերատեսչությունից։
Մինչդեռ The Times-ը, հղում անելով իր տրամադրության տակ հայտնված Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության փաստաթղթերին, նշում է, որ այս հարցով Լոնդոնը Հայաստանից բացի բանակցում է Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ։