Ռուսաստանում և Ղազախստանում գետերի ջրի մակարդակը այսօր էլ շարունակել է բարձրանալ՝ հեղեղելով գյուղեր ու քաղաքներ, ավելի քան 100 հազար մարդ տարհանվել է։ Կրեմլը նախազգուշացրել է՝ իրավիճակը «շատ, շատ լարված» է, վատթարացում է սպասվում:
Արագ հալչող ձյունն ու սառույցը Ռուսաստանի հարավային Ուրալի, արևմտյան Սիբիրի, ինչպես նաև Ղազախստանի հյուսիսային շրջանների գետերն աննախադեպ բարձրության են հասցրել՝ սպառնալով խոշոր քաղաքներին: Մոսկվան և Աստանան ավելի քան հինգ օր է՝ պայքարում են բարձրացող գետերի դեմ՝ երկու երկրներում էլ արտակարգ դրություն են հայտարարել։
Վերջին տասնամյակների ընթացքում ամենաուժգին ջրհեհեղի հետևանքով Ղազախստանի իշխանությունները ավելի քան 96 հազար մարդու են տարհանել։ Ռուսաստանը հայտնում է շուրջ 7 հազար 700 հոգու տարհանման մասին՝ հիմնականում ամենաշատը տուժած Օրենբուրգի շրջանից։
Ուրալ գետն արդեն գրեթե ամբողջությամբ հեղեղել է Օրսկ քաղաքը՝ հասնելով մինչև շրջկենտրոն Օրենբուրգի փողոցներ։ Քաղաքը նման ջրհեղեղ չի տեսել 1947 թվականից ի վեր, ասում են տեղի պաշտոնյաները՝ ջրի այս պահի դրությամբ 81 սանտիմետրով բարձրացումն անվանելով «աննախադեպ»: