Մատչելիության հղումներ

Գազայի հատվածում զինադադարի շուրջ բանակցությունները «փակուղում են», Նեթանյահուն նշում է Ռաֆահ մուտք գործելու մասին


ԵՄ և ԱՄՆ կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» շարժման ներկայացուցիչները մերժել են Իսրայելի հրադադարի առաջարկը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով «Համաս»-ի բարձրաստիճան պաշտոնյային։

Կիրակի օրն էին «Համաս»-ի և Իսրայելի պատվիրակությունները մեկնել Կահիրե՝ բանակցությունների, այնտեղ էին նաև ԱՄՆ և Քաթարի ներկայացուցիչները։

Սպասվում էր, որ Կահիրեի բանակցություններում համաձայնագիր կկնքվեր «Համաս»-ի և Իսրայելի միջև, ըստ որի, Իսրայելի կողմից կրակը կդադարեցվեր պատանդների ազատ արձակման դիմաց։ Սակայն «Համաս»-ի բարձրաստիճան պաշտոնյա Ալի Բարաքան Reuters-ին ասել է, որ մերժում են իսրայելական վերջին առաջարկները, որոնց մասին իրենց հայտնել է եգիպտական կողմը: Թե ինչ առաջարկների մասին է խոսքը, ըստ Reuters-ի, հայտնի չէ։

«Համաս»-ի մեկ այլ անանուն պաշտոնյա էլ ասել է, որ Իսրայելի դիրքորոշման մեջ փոփոխություններ չկան, հետևաբար, «Կահիրեի բանակցություններում ոչ մի նոր բան չկա»։

Պաղեստինյան կողմի հայտարարություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրեն մանրամասն զեկուցել են բանակցությունների մասին։

«Մենք աշխատում ենք մեր նպատակներին հասնելու համար՝ առաջին հերթին մեր բոլոր պատանդների ազատ արձակման և «Համաս»-ի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու համար։ Այս հաղթանակը պահանջում է մուտք գործել Ռաֆահ և այնտեղ ոչնչացնել ահաբեկչական գումարտակները: Դա տեղի կունենա. կա ժամկետ», - ասել է Նեթանյահուն՝ հստակ ժամկետ չհրապարակելով։

Ռաֆահ քաղաքը դարձել է Գազայի հատվածում մարտերից փախած պաղեստինցիների «վերջին ապաստանը»:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 32 հազարը։

Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG