Մատչելիության հղումներ

Չեմ կարծում, որ պետք է հավաստիացումներ տանք Բաքվին այսօրվա հանդիպման վերաբերյալ. Օ'Բրայեն


ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը, արխիվ
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը, արխիվ

«Չեմ կարծում, որ մենք պետք է համոզենք կամ հավաստիացումներ տանք Ադրբեջանին այսօրվա հանդիպման վերաբերյալ», - այսօր հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին հարցին:

Այսօրվա եռակողմ հանդիպումից հետո Իլհամ Ալիևը Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ Բաքվում կայացած հանդիպմանն ասել է, որ չնայած ԱՄՆ-ի և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները իրենց նախաձեռնությամբ կայացած վերջին օրերի հեռախոսազրույցներում փորձում էին համոզել, որ այդ հանդիպումը ուղղված չէ Ադրբեջանի դեմ, բայց իրենք գիտեն, որ այն «Ադրբեջանի դեմ է և դեմ է Հարավային Կովկասում համագործակցությանը»:

«Այն բաժանարար գծեր ստեղծելու և Ադրբեջանին մեկուսացնելու նպատակ ունի», - հայտարարել է Ալիևը:

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանում չեն հավատում Միացյալ Նահանգների և Եվրամիության հավաստիացումներին, Օ'Բրայենն արձագանքել է. - «Ես չեմ կարծում, որ մենք պետք է համոզենք կամ հավաստիացումներ տանք Ադրբեջանին այսօրվա հանդիպման վերաբերյալ, մենք շատ հստակ ասել էինք, թե ինչ մտադրություն ունենք այս հանդիպումով, և այս հանդիպումը հենց այն էր, ինչի մասին նախօրոք հայտարարել էինք, և վստահությունը հենց այդպես է կառուցվում, երբ մեկն անում է այն, ինչ ասում է: Մենք շատ բաց ենք և քննարկում ենք մեր ծրագրերը տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի անակնկալներ չլինեն: Կարծում եմ՝ Ձեր հարցը պետք է Ադրբեջանին ուղղել: Մեր տեսակետն այն է, որ մենք աջակցում ենք այն ընտրությանը, որն արել է Հայաստանի ժողովուրդը, և կշարունակենք աջակցել այնպես, որ խաղաղություն և անվտանգություն կապահովի ամբողջ տարածաշրջանում»:

Անկարան և Մոսկվան էլ էին իրենց դժգոհությունն ու մտահոգությունները հայտնել Հայաստանի վարչապետի, ԱՄՆ-ի պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի այսօրվա հանդիպման կապակցությամբ։ Անկարայի պնդմամբ՝ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը «հակասում է չեզոքության սկզբունքին»։ Ռուսաստանից ասել էին՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը «վերածում են հայ ժողովրդի հիմնարար շահերին հակասող հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»:

Օ՛Բրայենը Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ հայտարարեց. - «Ռուսաստանը պատմական դերակատարություն ունի Հայաստանում և Հարավային Կովկասում, և հույս ունեմ, որ կաջակցի նաև Հայաստանի ընտրությանը՝ գնալու ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական բարգավաճման ուղղությամբ: Մենք գիտենք, որ սա շարունակվող երկխոսություն է Երևանի և Մոսկվայի միջև, բայց մի բան շատ հստակ է, և դա Հայաստանի ժողովրդի ընտրությունն է: Մենք կարծում ենք՝ պետք է աջակցել ու հարգել այդ որոշումը»:

«Տարածաշրջանում մենք տեսնում ենք Ռուսաստանի ապատեղեկատվական ջանքերը, մեդիա տեղեկատվական մանիպուլյացիաները սպասելի են, մենք տեսանք՝ շահարկումներ եղան նաև այսօրվա հանդիպման վերաբերյալ, թե ինչի մասին է այդ հանդիպումը կամ ինչի մասին չէ: Հանդիպումը հստակ Հայաստանի ժողովրդի քաղաքական ընտրությանն աջակցելու միջոց է, և այն նաև քաջալերում է տարածաշրջանային խաղաղ տնտեսական ինտեգրացիան, մի բան, որ Հայաստանի կառավարությունն է ցանկանում, բայց նաև Ադրբեջանի ղեկավարությունն էլ է ասել, որ դրան հետամուտ կլինի», - շարունակեց նա:


Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք պետքարտուղարի օգնականը հավատում է Հայաստանի եվրոպական ապագային, Օ'Բրայենն ասաց.
- «Պետքարտուղարը հստակ հայտարարեց, որ մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդի քաղաքական որոշմանը, իսկ թե որ տնտեսական խմբին նրանք կմիանան՝ դա իրենց ընտրությունն է, մենք ոչինչ չենք կարող ասել: Բայց, հստակ է, որ Հայաստանի ժողովուրդը ընտրել է բարգավաճման և գլոբալ շուկաներին ինտերգրման ճանապարհը և դա պահանջում է բարեփոխումների անցկացում և այդ հարցում աջակցություն, որ Հայաստանի գործարարները կարողանան օգտվել այդ հնարավորություններից»:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG