Մատչելիության հղումներ

Օնլայն պատվիրված ապրանքը Հայաստան մտնելիս 15 տոկոսով կհարկվի, եթե դրա արժեքը գերազանցի 200 եվրոն


Օնլայն պատվիրված ապրանքը Հայաստան մտնելիս 15 տոկոսով կհարկվի, եթե դրա արժեքը գերազանցի ոչ թե նախկին 200 հազար դրամի շեմը, այլ 200 եվրոն։ Այսինքն մոտ 118 հազար դրամով պակաս։ Խոսքը մեկանգամյա գնման մասին է:

Պետեկամուտների կոմիտեն հայտարարում է՝ եվրասիական տնտեսական միության որոշումն է դա, որի անդամ է նաև Հայաստանը: ՊԵԿ պաշտոնյա Գարիկ Մինասյանի խոսքով՝ մինչև 2022-թվականն էլ է այդ շեմը 200 եվրո եղել:

Հայաստանում գործող առաքման ամենամեծ ծառայություններից ONEX-ի համահիմնադիր, տնօրեն Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ իրենց վիճակագրությամբ, պատվերների 95 տոկոսը չի գերազանցում 200 եվրոյի շեմը: Իրենք ավելի վատ կանխատեսումներ ունեն, մի քանի տարի առաջ ծանուցվել են, որ ԵԱՏՄ անդամ երկրներում առցանց առևտրի շեմն աստիճանաբար կիջեցվի մինչև 20 եվրոյի, այդ դեպքում, եթե մարդը 20 եվրոյից թանկ ապրանք պատվիրի, ապա լրացուցիչ տուրք կվճարեն: Հանկարծ դա էլ ուժի մեջ չմտնի, ասում է այսպիսի մտավախություն ունեցող ONEX-ի տնօրենը:

«2 տար առաջ, երբ շեմը 200 եվրո էր, ԵԱՏՄ-ում արդեն ընդհանուր համաձայնություն կար, որ այդ 200 եվրոն առաջիկա 2 տարիների ընթացքում աստիճանաբար իջնելու է մինչև 20 եվրոյի: Այսինքն, դրա նախաձեռնողը ռուսական կողմն էր և նպատակն այն էր, որ ամբողջովին ԵԱՏՄ-ից դուրս բոլոր ապրանքները հարկվեն, ու դա ենթադրություն չի, որովհետև մենք սպասարկում ենք հարյուր հազարավոր հաճախորդներ, ոլորտի առաջատար ընկերություն ենք ու պետական մարմինները մեր հետ կապի մեջ են, նման բաները մեզ տեղեկացնում են», - նշեց Սամվել մարտիրոսյանը:

Ռուսական Vedomosti-ն այս մասին դեռ անցած ամիս էր գրել։ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության պետն ասում է՝ այդ հարցը ԵԱՏՄ-ում դեռ քննարկվում է, հստակ որոշում չկա։

«Հավանաբար վերաբերվում էր 107 որոշման ենթադրյալ իրականացվող փոփոխություններին, պետք է արտոնության շեմը նվազեր, սակայն այս պահին այդ փոփոխությունները չեն իրականցվել: Ինչ վերաբերում է օնլայն հարթակներում իրականացվող նոր նախագծերին, դեռևս ԵՏՄ շրջանակներում քննարկվող գործընթացներ են, արտոնության շեմերը դեռևս մշակված չեն: Երբ որ որոշումները կընդունվեն, միանշանակ կիրազեկենք հանրությանը», - ասաց Գարիկ Մինասյանը:

«Եթե այդ որոշումն իրականացվի՝ առցանց գնումներ անող մարդիկ լուրջ խնդիրներ կունենան»,- ասում է ONEX-ի տնօրենը, պնդելով, որ օնլայն առևտրի տեմպերը մեծ թափ են հավաքում նաև Հայաստանում:

Թեև Onex-ից նշում են, որ գնումների 95 տոկոսը չի գերազանցում 200 եվրոն, օնլայն գնումներ անողներին այս լուրը տխրեցրել է:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը առցանց գնումների անմաքս շեմի իջեցումը լավ լուր է համարում տեղական արտադրողների, մանր ու միջին ներկրողների և խոշոր վերավաճառողների համար, բայց վատ լուր այն անհատների համար, որոնց մեկանգամյա գնումը գերազանցում է 200 եվրոն: Հուսադրում է՝ անգամ 15 տոկոս տուրքի դեպքում, միևնույնն է օնլայն գնումներն ավելի էժան կլինեն:

Հայաստանում վաճառվող ներկրված ապրանքները 40-50 տոկոս թանկ են վաճառվում, պատճառը ավելացված արժեքի հարկն է, մաքսատուրքը, շահույթը:

Տնտեսագետը հիշեցնում է՝ Հայաստանի մաքսային կարգավորումներն ամբողջությամբ իրականացվում են ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում, ապրիլի 1-ից գործող այս դրույթը դրանցից մեկն է, սա միասնական մոտեցում է անդամ բոլոր երկրների համար։ Մինչև այսօր այս դրույթի ձգձգումը տնտեսագետը կապում է ռուս-ուկրաինական պատերազմի հետ:

«Որոշակի վերապահում էր արվել պայմանավորված նաև պատերազմով, իրենք ցանկանում էին այլընտրանքային ներկրումներ ունենալ, այս պահին այդ այլընտրանքային ներկրումներն, ըստ էության, փակվել են իրենց համար ու ընդհանուր շուկան են փակում, փորձում փակել ԵԱՏՄ երկրների համար», - նշեց տնտեսագետը:

Որ ԵԱՏՄ որոշումներն ուժի մեջ մտնեն, պետք է մասնակից բոլոր երկրները դա հաստատեն: Այս օրերին փորձագիտական կարծիքներ են հնչում, որ 2022-ի ապրիլին հաստատված այս որոշման հարցում հայկական կողմը կարող էր առարկություն ներկայացնել: Այս պրակտիկան, ըստ որոշ փորձագետների, Հայաստանն ունի, այս անգամ փաստորեն չի արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG