ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությունը, «որը տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին», ասված է Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում։
Ընդգծելով, որ սահմանին լարվածության աճն արդարացում չունի, Բլինքենը զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։
Իլհամ Ալիևն իր հերթին նշել է՝ այն, որ հանդիպումը չի հետաձգվել, չնայած Ադրբեջանի դիտողություններին, կհանգեցնի ոչ թե խաղաղության, այլ, ի վերջո, լարվածության։
Ալիևը նշել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ Բեռլինում ԱԳ նախարարների կողմից անցկացված քննարկումները շահավետ են գործընթացն առաջ մղելու տեսանկյունից և ընդգծել բանակցություններն արագացնելու անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է Ադրբեջանի հավատարմությունը 2022 թվականին Պրահայի հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությանը և Ալմաթիի հռչակագրին։
Ադրբեջանի նախագահը անդրադարձել է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, թե Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և նշել՝ նա «ստում է»:
Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության, Էնթոնի Բլինքենն, անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում նախատեսված հանդիպման վերաբերյալ Իլհամ Ալիևի մտահոգություններին, ընդգծել է, որ այն ուղղված չէ Ադրբեջանի դեմ
Ադրբեջանի նախագահն իր հերթին նշել է, որ չնայած Բաքվի հիմնավոր մտահոգություններին, ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը հետաձգելու մերժումը կսրի լարվածությունը Հարավային Կովկասում և նոր բաժանարար գծեր կստեղծի՝ խաղաղություն հաստատելու փոխարեն:
Պետքարտուղարը հեռախոսազրույցի ժամանակ նաև հորդորել է ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին, նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում: