Երկուշաբթի օրը տեղի ունեցած առցանց քննարկմանը իսրայելցի պաշտոնյաները համաձայնել են դիտարկել ԱՄՆ-ի մտահոգությունները Ռաֆահում ծրագրված հարձակման վերաբերյալ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարությանը:
Ըստ հաղորդագրության, ԱՄՆ-ի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը տևել է գրեթե 2 ժամ:
Քննարկմանը մասնակցել են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար, ռազմական կառավարության անդամ Ռոն Դերմերը:
Վաշինգտոնը դեմ է իսրայելական բանակի ցամաքային ներխուժմանը Ռաֆահ, որտեղ ապաստանել է մոտ մեկուկես միլիոն պաղեստինցի փախստական։ Մինչդեռ, Իսրայելը պնդում է, որ այդ գործողությունն անհրաժեշտ է իրականացնել, քանի որ Ռաֆահում ապաստանել են ոչ միայն տեղահանվածներ, այլև «Համաս»-ի զինյալներ:
«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց է ճանաչվել: