Ավելի քան 1,5 հազար բեռնատար է կուտակվել ռուս-վրացական սահմանին: Այդ մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի առաջին փոխվարչապետ Մուրատ Ագուզարովը։
«Ռազմավարական ճանապարհով երթևեկությունը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հանրապետության ավտոճանապարհներին բեռնափոխադրումների կուտակումը կազմում է 1577 տրանսպորտային միջոց։ Ավտոկայանատեղերում գտնվում է 737 տրանսպորտային միջոց», - այսօր ասել է Ագուզարովը՝ ՌԴ Հյուսիսային Օսիայի կառավարության նիստում:
Նրա խոսքով, մեկ շաբաթում Վերին Լարսի անցակետով պետական սահմանը հատել է 16 հազար ավտոմեքենա և 39 հազար 355 մարդ։ Ռազմավարական ճանապարհով բեռնատարների երթևեկությունը սահմանափակվել էր մարտի 31-ին Մոսկվայի ժամանակով ժամը 02:00-ից մինչև առավոտյան 09:45-ը:
Լարսի անցակետը միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի հետ։