Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո Հայաստանը 2020-ից հետո արտադրված զենք է ներմուծել Ղարաբաղ, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Բաքուն նշել է, թե «հակաահաբեկչական գործողությունից հետո», [Ադրբեջանն այսպես է բնորոշում սեպտեմբերին Արցախի դեմ ագրեսիան, որի հետևանքով ավելի քան 100 հազար արցախցիներ լքեցին իրենց տները], Ղարաբաղի տարածքում հայտնաբերված սպառազինության և ծանր զինտեխնիկայի թիվը խոսում է այն մասին, որ այդ տարածքները դարձել են ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում «ամենառազմականացված գոտիներից մեկը»։
«2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո հայկական կողմն իր զորքերը Ադրբեջանի տարածքից ամբողջությամբ դուրս բերելու փոխարեն, ապօրինի կերպով զինամթերք է ներմուծել Ղարաբաղի տարածաշրջան, այդ թվում՝ 2020 թվականից հետո արտադրված ականներ», - ասված է հայտարարությունում։
Բաքուն հայկական կողմին նաև մեղադրել է շփման գծի երկայնքով մինչև 480 կիլոմետր ձգվող նոր ականապատ տարածքներ, ավելի քան 500 մարտական դիրքեր և ամրացված կրակակետեր, ինչպես նաև կենտրոնացված ռազմական ուժեր ստեղծելու համար, որոնք «կարող են հարձակողական գործողություններ իրականացնել»:
Հայկական կողմը դեռևս չի արձագանքել Բաքվի նոր մեղադրանքներին։ Պաշտոնական Երևանը, սակայն, բազմիցս է հայտարարել, որ 2021 թվականի օգոստոսից Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չի ունեցել։