Մատչելիության հղումներ

Աղբանոցի վերածված Գյումրիի շուկան միջազգային խոհարարական դպրոց կդառնա


Աղբանոցի վերածված Գյումրիի շուկան երկու տարուց միջազգային խոհարարական դպրոց կդառնա։ Ծրագիրն իրականացնելու է Թումո ստեղծարար կենտրոնը՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։ Օրերս 2.5 միլիոն եվրոյի տրամադրման հուշագիրը կնքվեց, բայց թե որքան կկազմի ընդհանուր բյուջեն, դեռ վերջնական հաշվարկ չկա, «Ազատությանն» ասաց ծրագրի ղեկավար Հյուլէ Քէշիշյանը։

«Մենք, ճիշտն ասած, լրիվ բյուջե չենք մշակել, որովհետև, իհարկե, ինչքան կարողանանք միջոցներ գտնել՝ էնքան ավելի լավ կստեղծենք: Դրա համար մենք որոշել են փուլերով աշխատել», - «Ազատությանն» ասաց Քէշիշյանը՝ շարունակելով. - «Կարող էինք սպասել, որ ավելի ու ավելի ֆինանսավորումներ գտնենք, մինչև որ վստահ լինենք, որ ամբողջ գումարը ունենք, ու նոր սկսենք: Բայց էս ծրագրն արդեն տարիներ է, որ պետք է տեղի ունենա: Ուրեմն, մենք որոշել ենք սկսել մեր ունեցածով ու ստեղծել լավագույնը մեր միջոցներով, ու արդեն բանակցությունների մեջ ենք ուրիշ հովանավորների հետ»:

Կենտրոնական շուկայի շենքը տարիներով չէր օգտագործվում ու գրեթե ավերակ է դարձել։ Առաջիկա օրերին նախագծման միջազգային մրցույթ կհայտարարվի։ Շինարարական աշխատանքները կմեկնարկեն ամռանը։

Շիրակի մարզում Թումո կենտրոնի ղեկավար Լենա Կարապետյանն ասում է՝ շուկայի շենքի վթարային հատվածը կպահպանվի. - «Թումոն սիրում է պահել հինը և վրան կառուցել նորը: Միանշանակ, ամեն ձևով փորձելու ենք պահել եղածը, պահել կոլորիտը՝ ամենակարևոր կոմպոնենտը դա է: Եվ ինչու է Գյումրին ընտրվել՝ որովհետև Գյումրին ունի արմատ, Գյումրին ունի հիմք, Գյումրին ունի կոլորիտ, և այդ դիմագիծը պետք է անպայմանորեն պահել»:

Շուկայի վթարային շենքը Թումոն գնել է սեփականատիրոջից, միջազգային խոհարարական դպրոցից բացի նախատեսում են նաև հարակից տարածքում առևտրով զբաղվողներին տաղավարներ տրամադրել։

Թումոն այս ծրագրի շրջանակներում ֆրանսիական հեղինակավոր խոհարարական դպրոցներից մեկի հետ է համագործակցելու։

Միջազգային խոհարարական դպրոցում կրթությունը երկու տարի է։ Տարեկան այստեղ 30 ուսանող կսովորի։ Թումոյի այս ծրագիրը 18-ից բարձր տարիք ունեցողների համար է, նրանք նաև ֆրանսիական դպրոցում պրակտիկա անցնելու հնարավորություն կունենան։

Այլ մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Աղբանոցի վերածված Գյումրիի շուկան միջազգային խոհարարական դպրոց կդառնա
please wait

No media source currently available

0:00 0:03:46 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG