Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 անձանց ձերբակալության մասին, այդ թվում՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր 4 ահաբեկիչների, հաղորդում է РИА "Новости" լրատվական գործակալությունը:
ԱԴԾ հրապարակած հայտարարության համաձայն՝ «ահաբեկչությունն իրականացնելուց հետո հանցագործները փորձում էին անհետանալ՝ մեքենայով շարժվելու ռուս - ուկրաինական սահմանի կողմը»: «Հանցագործները ահաբեկչությունը կատարելուց հետո մտադիր էին անցնել ռուս - ուկրաինական սահմանը, համապատասխան կոնտակտներ ունեին ուկրաինական կողմում», - պնդում է ԱԴԾ-ը:
Ըստ նույն աղբյուրի՝ «Բրյանսկի մարզում ձերբակալվել են բոլոր 4 ահաբեկիչները», որոնց տեղափոխում են Մոսկվա:
ԱԴԾ-ի հավաստմամբ՝ «արդեն հաստատվել է, որ ահաբեկչությունը մանրակրկիտ պլանավորված էր, ահաբեկիչների կիրառած զենքը նախապես պատրաստ պահված էր թաքստոցում»:
Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Զոհվել է առնվազն 60, վիրավորվել՝ 146 մարդ: