BBC-ն կապ է հաստատել Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցածի ահաբեկչության ականատես, լուսանկարիչ Դեյվ Պրիմովի հետ: Նա հետևյալ մանրամասներն է պատմել.
«Մենք պատշգամբում էինք, վերևում։ Համերգի մեկնարկին մնացել էր 10 րոպե, շատ մարդիկ էին հավաքվել, դահլիճի 70 տոկոսը հավաքված էր։ Ինչ-որ պահի լսեցինք, ինչպես ինձ թվաց, հրավառության ձայներ։ Ապա ձայներն ավելի մոտեցան, դահլիճում ահավոր խուճապ սկսվեց, մարդիկ սկսեցին վազել տարբեր ուղղություններով, բախվելով իրար, տարհանում չկար: Հետո համերգասրահում սկսվեց հրաձգությունը, ներքևում, բեմի ձախ կողմից կրակահերթն ուղղված էր մարդկանց կողմ։ Բոլորը սկսեցին պառկել [հատակին], մենք իրար վրա պառկեցինք միջանցքում: Միաժամանակ հասկացանք, որ ավտոմատներով կարող են մեր կողմ գալ ցանկացած դռնից, և փորձեցինք շարժվել դեպի վերևի մոտակա ելքը։
Մարդիկ խուճապի մեջ էին, ոմանք լաց էին լինում, ոմանք զանգում էին հարազատներին: Երբ դուրս եկանք, կրակն արդեն բռնկվել էր՝ ծխի ուժեղ հոտ էր գալիս։ Ընդհանուր առմամբ, մեզանից 20-25 րոպե պահանջվեց դուրս գալու համար։ Այսինքն՝ հրդեհը սկսվել է հարձակումից մոտ 15 րոպե անց։ Ի վերջո, գտանք մի աստիճանավանդակ, ստիպված եղանք կոտրել դուռը, քանի որ ամենուր դռները փակ էին, և դուրս եկանք»:
Ականատեսի խոսքով՝ հարձակվողները խմբով էին, շագանակագույն հագուստով կամ ժիլետներով։