Գերմանիան և Ֆրանսիան համաձայնեցրել են նոր MGCS (Գլխավոր ցամաքային մարտական համակարգ) հրասայլի նախագծի մշակման հետ կապված հարցերը:
Նախագիծը կազմվել է 2018 թվականին, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ հանդիպումից հետո։
«Այսօր մենք բեկում ենք ապահովել: Սա պատմական իրադարձություն անվանելը չափազանցություն չի լինի: Մենք պայմանավորվեցինք այս նախագծի բոլոր առաջադրանքների բաշխման շուրջ՝ ինչ կստանձնի Գերմանիան, ինչ՝ Ֆրանսիան: Մենք պայմանավորվեցինք, որ արտադրությունը երկու երկրների միջև կբաժանվի 50 տոկոսով»,- ասել է Պիստորիուսը:
Նրա փոխանցմամբ, խոսքը ոչ թե հրասայլի արդիականացման, այլ բացառապես նոր տեխնիկա ստեղծելու մասին է: Նոր հրասայլը մարտական հատկանիշներով զգալիորեն գերազանցելու է գերմանական Leopard 2-ին և ֆրանսիական Leclerc-ին։
Նախագիծն իրականացնում են գերմանական Krauss-Maffei Wegmann, Rheinmetall և ֆրանսիական Nexter Systems ընկերությունները։
Bild թերթի տվյալներով՝ նոր տանկի հրասայլի անձնակազմում 4-ի փոխարեն կլինի ընդամենը 2 անդամ, ինչը պայմանավորված է մեքենայի ինքնավար շարժի ունակության ավելացմամբ:
Ենթադրվում է, որ ապագա գերմանա-ֆրանսիական հրասայլը կունենա առնվազն 130 միլիմետր տրամաչափի հրանոթ, որի արկերը կունենան ավելի մեծ արագություն և թափանցող ուժ:
Ենթադրվում է, որ նոր հրասայլը կունենա հիբրիդային շարժիչ և ավելի թեթև ու դիմացկուն զրահ, ավելի քիչ վառելիք կծախսի և կկարողանա ավելի երկար աշխատել առանց լիցքավորման։