Մատչելիության հղումներ

«Դժվար տեսնեմ այդ բնակարանը». խնդիրներ սպաների բնակապահովման գործընթացում


Փաստաբան Նորայր Նորիկյան, արխիվ
Փաստաբան Նորայր Նորիկյան, արխիվ

Զինվորական ամուսինն ավելի քան 20 տարի սպասեց ու այդպես էլ չտեսավ բնակարանը, որը պետք է պետությունից ստանար: Մի քանի տարի առաջ ամուսնուն հուղարկավորած բազմազավակ կինն ասում է՝ երեխաները մանկահասակ էին, երբ ընդգրկվեցին Պաշտպանության նախարարության ցուցակում, հիմա արդեն թոռներ ունի, դեռ վարձով են ապրում:

Տուն գնելու վկայագիրը ստացել է ամուսնու մահից տարիներ անց՝ 2023-ին, բայց հասանելիք գումարի կեսն է վկայագրում՝ 12 միլիոն դրամ: Ասում է՝ ՊՆ-ից ասել են, որ եթե պատերազմում ծանր վիրավորված ամուսինը ողջ լիներ, կրկնակին կստանար. - «Ինքը մահացավ, ինձ կանչեցին, բնակարանի սերտիֆիկատ տվեցին, բայց 50 տոկոսը տվին՝ 12 միլիոն դրամ: Ես դրանով ի՞նչ գնեմ, մի տարի ա՝ չեմ կարում ճարեմ: Հիմա էլ ինձ ասում են՝ եթե «չառար, պետք ա բերես հանձնես, վեց ամիս հետո հարց ա՝ կդնեն նիստի, կանցնե՞ք, թե՞՝ չէ»: Ահը սիրտս ա՝ հիմի մի քսան օրվա մեջ ես ո՞րտեղ ճարեմ»:

Ծառայության տարիներին հաշմանդամություն ձեռք բերած մեր մյուս զրուցակիցն էլ է ցանկանում անանուն մնալ: Նա էլ 2020 թվականին է ընդգրկվել պետական ծրագրում: Ասում է՝ գոնե թափանցիկ հարթակ լիներ, որ կարողանար հետևել, թե իր հերթը որտեղից ուր է հասել, թե չէ ամեն դիմելիս տարբեր պատասխաններ է ստանում: Նա էլ մտավախություն ունի՝ առողջական խնդիրները շատ են, բա որ իր հերթն այդպես էլ չհասնի:

«2022 թվականին ես Պաշտպանության նախարարությանը հարցում եմ արել, ինձ նամակով պատասխանել են, որ 239-րդ տեղում եմ: 2023 թվականին ես հեռախոսով ուղղակի զանգահարել եմ թեժ գիծ՝ պատասխանեցին, որ 201-րդ տեղում եմ: Իսկ էս տարի ես նամակով նորից դիմեցի, որ հասկանամ՝ ինչքանով եմ առաջ գնացել, պատասխանեցին, որ 219-րդ տեղում եմ: Եթե սենց գնա, ես ուղղակի կարող ա մահանամ ու էդ տունը չստանամ: 20 տարի հետո ես կլինեմ 65 տարեկան, առողջական լուրջ խնդիրներով մարդ՝ դժվար տենամ էդ բնակարանը», - ասաց «Ազատության» զրուցակիցը:

Փաստաբան Նորայր Նորիկյանը 2017 թվականից է այսպիսի խնդիրների առաջ կանգնած սպաների շահերը ներկայացնում դատարաններում: Ասում է՝ եթե նախկինում պետությունն էր տներ կառուցում մի քանի խմբերի՝ նախկին ու ներկայիս զինծառայողների համար, ապա 2017-ից սկսել է միայն վկայագրեր փոխանցել: Իսկ 2018-ի հեղափոխությունից հետո, ըստ Նորիկյանի, Երևանում բնակարանային իրենց հերթին սպասող շահառուներին այդ գումարի 50 տոկոսն է տրամադրվում:

«Պետությունը՝ ի դեմս իր ինստիտուտների, այս քաղաքականությունը վարեց, որ մի հատ տանք, ովքեր որ կվերցնեն՝ կվերցնեն, թեման կհամարենք փակված, իսկ ովքեր կվիճարկեն, ովքեր կբողոքարկեն, ովքեր կգնան իրենց իրավունքների պաշտպանության հետևից, նրանց հետ նոր կկարողանանք խոսել հրապարակված և ուժի մեջ մտած դատական ակտի միջոցով», - «Ազատությանն» ասաց փաստաբանը:

Նորիկյանը հիշեցնում է՝ Քննչական կոմիտեն դեռ 2019-ին էր հայտարարել՝ պաշտպանության այժմ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գործողությունների հետևանքով մի շարք զինվորականներ տարիներով սպասել ու չեն ստացել իրենց բնակարանները, փոխարենը՝ տուն են ստացել դրա կարիքը չունեցողները: Տուժող են ճանաչվել նաև Նորիկյանի վստահորդները: Փաստաբանը դժգոհում է՝ այս գործը շուրջ հինգ տարի քննվում է։ Իսկ այլ գործերով իրեն հաջողվել է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով ՊՆ-ին ստիպել, որ իր վստահորդներին 100-տոկոսանոց վկայագրեր հանձնվեն, ոչ թե 50:

«Գործող իշխանությունը ամենաբարձրագույն մակարդակով մի քանի անգամ հրապարակայնորեն խոստացել էր լուծել այդ կոնտինգենտի հարցը, բայց, կներեք, խոսքը գործից չի անցնում, և մենք փաստ է, որ գործ ունենք հազարավոր սպաների և նրանց ընտանիքների հետ: 20 տարի ծառայեցնել ես տալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, խոստանում ես ապահովել նրա բնակարանային պայմանները, և 20 տարի է՝ դու չե՞ս կարողանում կատարել: Դու չես մոտիվացնում այն պոտենցիալ սպային, որը վաղը ինքը ցանկանա դառնա Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի սպա», - ընդգծեց Նորիկյանը:

Ինչո՞ւ են մարդիկ այսքան երկար սպասում իրենց հերթին, ինչո՞ւ չկա հասանելի մի հարթակ, որ հետևեն գործընթացին, մինչև այսօր քանի՞ շահառու է բնակարան ստացել ու քանի՞սն են դեռ հերթում: Երեկվանից «Ազատությանը» չի հաջողվում այս հարցերի պատասխանը ստանալ ՊՆ-ից, լրատվության վարչությունից երեկ մեր հարցը լսեցին ու ողջ օրը չարձագանքեցին զանգերին, միայն այսօր փոխանցեցին՝ հարցերն ուղարկել գրավոր:

«Ազատության» անանուն զրուցակիցը տրամադրեց ՊՆ-ից շաբաթներ առաջ ստացած իր հարցերի գրավոր պատասխանը.

«Միասնական հարթակ չի վարվում՝ շահառուների անձնական տվյալների գաղտնիությունից ելնելով: Այս պահին քննարկման են նախապատրաստվում մինչև 2005 թ.-ը հաշվառված շահառուների բնակարանային գործերը»,- նշված է նամակում:

Ըստ այդ պատասխանի՝ մինչև այսօր 263 շահառու է բնակարանի գնման վկայագիր ստացել: Ծրագիրն իրագործելու համար էլ, ըստ այդ փաստաթղթի, ամեն տարի մոտ 494 միլիոն դրամ է հատկացվում:

Նախկին զինվորականը սրտնեղում է՝ եթե դեռ 19 տարի առաջ հերթագրվածների հերթը նոր է հասնում, ապա ինքը երևի մինչև կյանքի վերջ վարձով ապրի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG