Մատչելիության հղումներ

Երևանում կներկայացվի «Արշակ Բ» օպերան բնագրով՝ իտալերենով


Օպերայի և բալետի թատրոնում արքունական տրամադրություն է։ Հայկական ազգային առաջին օպերայի՝ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ»-ի բեմադրության առաջնախաղին են պատրաստվում՝ բնօրինակով՝ իտալերենով։

Երկու դար առաջ Կոստանդնուպոլսում գրված հայկական օպերան տարածաշրջանում առաջինն էր։ Չուխաջյանի մահից հետո ընդհանրապես երաժշտությունը համարվում էր կորած։ Գտնվել է 1930-ականներին ու վերախմբագրվել, 1940-ականներին բեմադրվել է օպերայի հայերեն լիբրետոն, 1991-ին, 2007-ին` բեմ բարձրացել դրվագներով։

Անցած տարի օպերայի համերգային կատարումն էր բնագրով, հիմա, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանի խոսքով, արդեն օրիգինալ օպերան դիտելու հնարավորություն կա։

«Արշակ Երկրորդը» Խոջա-Էյնաթյանի՝ ինքն էլ կարևոր է և տեղ ունի թատրոնում, և խաղացանկում ինքը միշտ կլինի, բայց բնօրինակը մենք պարտավոր ենք ցույց տալ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Դուրգարյանը:

Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր իտալացի Դոնատո Ռենցետտին «Ազատության» հետ զրույցում ասում էր՝ իր համար բացահայտում էր Վերդիի ժամանակակից կոմպոզիտոր Չուխաջյանը՝ որքա՜ն մեղեդային, որքա՜ն դրամատիկ ...

Իտալիայում կրթված Չուխաջյանը կարողացել է Օսմանյան կայսրությունում ստեղծել օպերա հայ թագավորի անունով, ինչն, ըստ Կարեն Դուրգարյանի, արդեն հերոսություն էր։ Հայաստանի, Պարսկաստանի և Բյուզանդիայի փոխհարաբերությունների մասին Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու վիպախառն տեղեկությունների հիման վրա գրված երաժշտական պատմությունը չէր կարող երկիմաստ չընկալվել։ Ավելին՝ Պոլսում հայկական պատմությանն ու մշակույթին վերաբերող ստեղծագործությունները դիտվում էին որպես հայկական ազգայնականությունը խրախուսող գործոններ, և չի բացառվում, որ հենց այս պատճառով Օսմանյան կայսրությունում օպերան երբեք ամբողջությամբ չներկայացրեցին։

«Այս առումով Չուխաջյանն, իհարկե, հերոս է, որ Պոլսում Օսմանյան իմպերիայի ժամանակ հայոց թագավորի անունով օպերա է գրում: Ես չեմ ուզում քաղաքականության մեջ խորանալ, որովհետև ես մասնագետ չեմ, ես ուղղակի կարող եմ փաստել, որ արժեքով՝ մենք պարտավոր ենք այս արժեքը ցույց տալ, եթե մենք կանգնած ենք այն գաղափարի շուրջ, որ առաջին օպերան գրել է Տիգրան Չուխաջյանը», - ասաց Կարեն Դուրգարյանը:

Առաջին ներկայացումը կլինի մարտի 22-ին, օպերային արվեստի երկրպագուներն այս ամիս ևս երկու հնարավորություն կունենան այն դիտելու՝ մարտի 24-ին և 26-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG