Իսպանիայի դատարանի վճռով, բրազիլացի անվանի ֆուտբոլիստ Դանի Ալվեսը կարող է ազատվել կալանքից 1 միլիոն եվրո գրավի դիմաց, քանի դեռ քննարկվում է սեռական ոտնձգության գործով իր նկատմամբ կայացված դատավճիռը։
Խափանման միջոցի փոփոխության որոշումն ընդունել է Կատալոնիայի Գերագույն դատարանը: Որոշման պարզաբանման տեքստում նշվում է, որ արդեն ավելի քան մեկ տարի բանտում պահվող մարզիկը կարող է ազատ արձակվել՝ «վճարելով 1 միլիոն եվրո գրավ»։
Ալվեսը պետք է իշխանություններին հանձնի իր իսպանական և բրազիլական անձնագրերը։ Նրան արգելված է լքել Իսպանիայի Թագավորության տարածքը: Հարկ եղած դեպքում ֆուտբոլիստը պարտավոր կլինի անմիջապես ներկայանալ դատարան։
Նախօրեին Դանի Ալվեսը դատարանում վստահեցրել է, որ մտադիր չէ փախչել Իսպանիայից։ Դատախազությունը դեմ էր նրա խափանման միջոցի փոփոխությանը:
Փետրվարի 22-ին Ալվեսը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգության համար և դատապարտվել 4.5 տարվա ազատազրկման։ Պաշտպանությունն ու մեղադրող կողմը բողոքարկել են այդ դատավճիռը։
Սեռական բռնությունների գործով դատավարությունը Բարսելոնայում սկսվել է փետրվարի 5-ին և ավարտվել փետրվարի 7-ին։ Դատախազությունը խնդրել էր Ալվեսին դատապարտել 9 տարվա ազատազրկման և 150 հազար եվրո փոխհատուցում վճարելուն: Ալվեսը հերքել է մեղադրանքը։
Սեռական բռնության տեսակի միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկում։ Վարույթի ընթացքում մարզիկը բերման է ենթարկվել առանց գրավի իրավունքի։
Ալվեսը 40 տարեկան է և 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս մեքսիկական «Պումաս» ակումբում։ Նախկինում նա խաղացել է բրազիլական «Բահիա»-ում և «Սան Պաուլո»-ում, իտալական «Յուվենտուս»-ում, ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ում, իսպանական «Սևիլիա»-ում և «Բարսելոնա»-ում:
Ալվեսը համարվում է ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր մարզիկներից մեկը, նա ունի 43 տիտղոս։
Ալվեսը դարձել է Իսպանիայի վեցակի չեմպիոն, Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն, Իտալիայի չեմպիոն, երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, երկու անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթը, երեք անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։
Բրազիլիայի հավաքականի կազմում նա երկու անգամ (2009, 2013 թվականներին) նվաճել է Կոնֆեդերացիաների գավաթը և Ամերիկայի գավաթը (2007, 2019թթ.), ինչպես նաև դարձել է օլիմպիական չեմպիոն (2021թ.)։