Մատչելիության հղումներ

Բենիամինցիները բողոքում են՝ «Հյուսիս-հարավ»-ի մի կամուրջն իրենց վարելահողերի հաշվին է կառուցվում


Բենիամին գյուղի բնակիչները բողոքում են՝ «Հյուսիս-հարավ» մայրուղու շրջանցիկ կամուրջներից մեկն իրենց վարելահողերի հաշվին է կառուցվում։ Ասում են՝ փաստաթղթով ու փաստացի իրացման գոտու տակ հայտնված հողատարածքների էական տարբերություն կա.

«Մնացել ենք առանց հողի, առանց փոխհատուցման: Էղավ էրկու տարի՝ վրի բերքը չէ գրած, հողի կեսն է գրած՝ 4 հազար մետրը դարձրած է 2 հազար...»:

«Իմ հողիս մեջը մտել են մոտ 7-8 հարյուր մետր, փաստացի ընձի տվել են 114 մետրի ծանուցում...»:

Ջիվան Հովհաննիսյանը ցույց է տալիս իր 1.3 հեկտար հողակտորը, որը կառուցվող կամուրջն արդեն կիսել է. - «3 հազար մետր վերևն է մնացել, ուրդեղ հնարավոր չէ էլ մտնել-հելնել, էնի չի օգտագործվի, փակվի գը, էս էլ սպես ավիրել են, ավիրել են սաղ: Մե հեկտարըմ տարածք ստեղ է, էս մնացածն է իրանք են վերցրել: Հմի կըսեն թե «մենք հող չենք վերցրե»:

Հովհաննիսյանը նաև սեփականության վկայականն է ցույց տալիս ու ասում՝ 30 տարուց ավելի մշակում է իր հողատարածքը, բայց հիմա պարզվում է՝ իրենը չի։

Էլի բենիամինցիներ կան, որ հայտնվել են նույն վիճակում՝ փաստացի հողն ու սեփականության վկայականը կան, բայց տարածքը ներառված չէ կադաստրային քարտեզներում։

Այս հանելուկը լուծելու համար պահանջում են, որ կառավարությունից գան, տեղում չափում անեն ու հասկական, թե ուր են «կորել» ոմանց հողակտորները։

Ճանապարհային դեպարտամենտի սոցիալական ազդեցությունների և վերաբնակեցման ծրագրի ավագ մասնագետ Շուշան Քոչարյանը հակադարձում է՝ նախագծողները եղել են տեղում, չափումներն արել, հետո նոր՝ նախագիծ են կազմել:

«Մեր խորհրդատուն բոլոր հողամասերը հատ առ հատ չափագրում է և դուրս է բերում ազդեցության գոտին: Ելնելով այն տրամաբանությունից, որ մարդիկ ասեն, որ «մեր հողերը չեն չափագրվել», դա իրականությանը չի համապատասխանում: Բոլոր չափագրումները իրականացվում են սեփականատերերի ներկայությամբ», - վստահեցրեց Քոչարյանը:

Ըստ Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցչի՝ Բենիամինից 78 սեփականատիրոջ հողատարածք է հայտնվել իրացման գոտում, 47-ն արդեն փոխհատուցում ստացել են, մյուսներն ապրիլին կստանան։ Եթե գյուղացիները հրաժարվեն իրենց հողատարածքները տրամադրել, ապա գործը դատարան կհասնի։ Փոխհատուցումը տրամադրվում է հողի շուկայական արժեքով, դրան գումարվում է ևս 15 տոկոս։

Սեփականատերերը փոխհատուցման չափից դժգոհ չեն, միայն թե հարցնում են՝ առանց հողի ինչպե՞ս տուն պահեն։

«Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը հիմա ակտիվ ընթանում է Բենիամին ու Ազատան գյուղերի մասում, հաջորդը Շիրակի մարզում Գյումրին շրջանցող հատվածն է, որը կհասնի մինչև Բավրայի անցակետ։ Բայց թե երբ կավարտվի Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահման ձգվող 556 կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը, հստակ չէ։

«Ազատության» հեռուստառեպորտաժը՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG