Մատչելիության հղումներ

Գետակ Երևանի կենտրոնում. քանդած ու չփակված ասֆալտի հետևանքները


Երևանի կենտրոնում վաղ առավոտից մի գետակ էր հոսում. օրեր առաջ մեծ խորությամբ ու լայնությամբ հատել են ասֆալտը, բայց հետ չեն լցրել, արդյունքում՝ մի հսկա փոս: Հորդառատ անձրևը Կորյուն-Տերյան խաչմերուկը վարորդների համար մի իսկական մարտահրավեր էր դարձրել։

Առավոտյան այստեղ մի տրոլեյբուս երկու քարի արանքում մնաց, հետո էլ արհեստական գետակի միջով անցնելիս բազմաթիվ մեքենաներ ծանր փորձությունների ենթարկվեցի։ Ոմանք փոսից դուրս գալ չէին կարողանում, ոմանք էլ խաչմերուկը հատում էին մեքենան վնասելու գնով:

Չնայած վթարային այս իրավիճակին մեկ ժամից ավելի տևած մեր նկարահանումների ընթացքում տարածքում ոչ ոստիկան կար, ոչ էլ պարեկ, չկար մեկը, որը կկարգավորեր երթևեկությունը՝ վարորդներին հորդորելով այս կամ այն կողմ շարժվել, կամ էլ ընդհանրապես արգելել խաչմերուկով երթևեկությունը, քանի դեռ խնդիրը չի լուծվել։ Մի փոքր հատվածում ժապավեն կար, որը, սակայն, խաչմերուկը չէր փակել։ Ոստիկանություն զանգեցինք, քիչ անց պարեկներ եկան, ասացին՝ փոսերով զբաղվելն իրենց գործը չէ։ Հետո քաղաքապետարան զանգեցինք. պատասխանը կարճ էր՝ երթևեկը կարգավորելը իրենց խնդիրը չէ։ Այդ դեպքում ո՞վ պետք է հետևեր, որ քաղաքի կենտրոնում հոսող գետակը հանկարծ լուրջ վթարի պատճառ չդառնար. պարզաբանումներ չկան։

Մեր զանգերից հետո տարածքում շինարարություն սկսած և ասֆալտը կտրած ընկերության աշխատակիցները ավելի երկար ժապավեն քաշեցին։ Քաղաքապետարանից ավելի ուշ պարզաբանեցին՝ շինարարարությունը սկսած ընկերությունը պարտավոր է նախկին տեսքին բերել փողոցը։

Իսկ ի՞նչ եթե այս ամենի հետևանքով ողբերգություն լիներ, ո՞վ էր պատասխան տալու. հարցրինք կոմունալ տնտեսության վարչության ղեկավարին, հստակ պատասխան չստացանք. միայն ասաց՝ արդեն տուգանել են: Տուգանքի չափը, սակայն, չհայտնեցին։

Տերյանում բնակելի համալիր կառուցող «Ռենշին» ընկերությունն է ջրատար անցկացնելու համար ասֆալտը քանդել։ Տեղում աշխատողներին հարցրինք՝ չէի՞ն կարող արագ հետ փակել փողոցը, չէ՞ որ դեռ անցած շաբաթ էր հայտնի՝ երեքշաբթի հորդառատ անձրև է սպասվում։ Ասացին՝ տեղումների մասին չգիտեին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG