Հայաստանն ու Ադրբեջանն այսօր հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնելու տարիների հակամարտութունից հետո, այսօր Երևանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությունում, ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նա Երևանում էլ կոչ արեց երկու երկրներին՝ հասնել համաձայնության, որն, ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման, ժողովուրդների տևական խաղաղության համար։
Ստոլտենբերգը վերահաստատեց՝ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, Երևանի խաղաղ ձգտումներին։
«Ես ողջունում եմ ձեր համերաշխությունը Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ եմ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում։ Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, հենց այս պատճառով պետք է ավելացնել և ոչ թե նվազեցնել աջակցությունը։ Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի», - հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը Երևան է ժամանել Բաքու և Թբիլիսի կատարած այցերից հետո։ Բաքվում նա ևս հայտարարել է, որ խաղաղությունը տարածաշրջանում չափազանց կարևոր է ոչ միայն այդ տարածաշրջանի ժողովուրդների, այլև ավելի ընդարձակ առումով՝ Սև ծովի շրջանի և Հյուսիսատլանտյան անվտանգության համար։
«Հայաստանը և Ադրբեջանը հիմա ունեն երկարատև հակամարտությունից կայուն խաղաղության անցնելու հնարավորություն: Խրախուսում եմ ձեզ օգտվել այդ հնարավորությունից՝ Հայաստանի հետ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար», - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ասել է Ստոլտենբերգը։
Առավել մանրամասն տե՛ս այստեղ