ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Բաքվում է։
Նրան այսօր ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բոնոն ու Բայրամովը քննարկել են Ադրբեջան-ԱՄՆ համագործակցության հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մի շարք ասպեկտներ։
Վկայակոչելով Մյունխենի անվտանգության համաժողովն և Բեռլինում կայացած հանդիպումները՝ Բայրամովը շեշտել է դրանցից բխող խաղաղ գործընթացում Ադրբեջանի ակնկալիքներն ու բաց հարցերի վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը՝ վերահաստատելով Ադրբեջանի հավատարմությունը խաղաղ գործընթացին, փոխանցում է ադրբեջանական կողմը։
Օրեր առաջ Բոնոն Երևանում էր։ Նա հայաստանյան պաշտոնյաների հետ քննարկեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։
Բոնոն Հայաստանում էր նաև հունվարի սկզբին։ Այդ ժամանակ Երևանից հետո նա Բաքու չայցելեց։
Ադրբեջանը մերժել էր բանակցությունների համար վաշինգտոնյան հարթակը՝ ԱՄՆ-ին մեղադրելով «կողմնակալ» լինելու մեջ։
Վաշինգտոնը պարբերաբար հայտարարում է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակմանը։