Մատչելիության հղումներ

Տավուշի նախկին մարզպետը պետությանը կփոխանցի ավելի քան 608 մլն դրամ


Հակակոռուպցիոն դատարանի վճռով`Տավուշի մարզի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը պետությանը կփոխանցի ավելի քան 608 մլն 634 հազար դրամ գումար, որը կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի ավելի քան 75 տոկոսը, հաղորդում է Դատական դեպարտամենտը՝ նշելով, որ Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է հաշտության համաձայնությունը։

Որոշումը կայացրել է դատավոր Կարապետ Բադալյանը:

2021-ի հուլիսին Հովիկ Աբովյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ «հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը»։

2021-ի օգոստոսին նրան պատկանող գույքի առնչությամբ Գլխավոր դատախազությունում ուսումնասիրություն էր սկսվել, դրա արդյունքում՝ 2023-ի հունվարի վերջին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում:

Մեկ տարի անց՝ 2024-ի փետրվարին, Աբովյանն ու նրան փոխկապակցված անձինք գործի քննությունը հաշտությամբ ավարտելու դիմում էին ներկայացրել դատախազություն, որով պատրաստակամություն էին հայտնել Հայաստանի սեփականությանը փոխանցել 608 մլն 634 հազար դրամ, ինչը կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատարան ներկայացված հայցադիմումի արժեքի 75.84 տոկոսը: Նույն օրը համաձայնությունը ներկայացվել էր Հակակոռուպցիոն դատարան՝ հաստատման։ Դատարանը մեկ ամսյա ժամկետում պետք է հաստատեր այն։

Հովիկ Աբովյանը Տավուշի մարզը ղեկավարում էր 2014-ից, նա պաշտոնից ազատվեց հեղափոխությունից հետո՝ 2018-ի մայիսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG