ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը փետրարին նամակներ է ուղարկել Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին, Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Վլադիմիր Զելենսկիին՝ Սև ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու առաջարկներով։ ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտնել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք շարունակում ենք քննարկումները կողմերի հետ՝ պարենի փոխադրումը և նավագնացությունն անվտանգ իրականացնելու շուրջ: Գլխավոր քարտուղարը փետրվարին նամակներ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Ուկրաինայի ղեկավարներին», - ասել է Դյուժարիկը:
Նրա փոխանցմամբ՝ Գուտերեշը նամակներում ընդգծել է, որ «քաղաքացիական նավարկության ազատությունը ՄԱԿ-ի շարունակական ջանքերի հիմնական թեման է մնում», և որ «պարենի փոխադրման ուղիները պետք է լինեն անվտանգ, կայուն և կանխատեսելի»:
Ռուսաստանը և Ուկրաինան՝ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, համաձայնեցրել են «հացահատիկի գործարքը», որով պարենն ու պարարտանյութը ռուսների կողմից շրջապատված ուկրաինական նավահանգիստներից ապահով միջանցքով հասնելով Ստամբուլ, հետագայում փոխադրվել է դրա կարիքն ունեցող աֆրիկյան և ասիական երկրներ: Հացահատիկի գործարքն ավարտվել է 2023 թվականի հուլիսի 17-ին։
Ռուսաստանը պնդում է, որ գործարքի այն մասը, որով պետք է վերացվեին ռուսական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խոչընդոտները, երբեք չի կատարվել: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան պատրաստ է վերադառնալ գործարքին, պայմանով, որ կողմերը չխոչընդոտեն համաձայնագրում Ռուսաստանին վերաբերող դրույթը: