Մատչելիության հղումներ

Ֆիդանն ակնկալում է համընդհանուր աջակցություն «Զանգեզուրի ուղու բացման հարցում»


Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Բաքվում, 15-ը մարտի, 2024թ.
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Բաքվում, 15-ը մարտի, 2024թ.

Անկարան ավելի լայն աջակցություն է ակնկալում Հայաստանի տարածքով Բաքվի պահանջած միջանցքի հարցով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի և Վրաստանի պաշտոնակիցների հետ Բաքվում կայացած հանդիպումից հետո:

Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումը ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ նշանակություն ունի․ - «Այս առումով մենք ակնկալում ենք համընդհանուր աջակցություն Զանգեզուրի ուղու բացման հարցում»։

Սա «Զանգեզուրի միջանցքի» պահանջի մասին Թուրքիայի իշխանությունների կողմից վերջին երկու օրվա ընթացքում արդեն երրորդ հայտարարությունն է։

Երեկ Էրդողանի գլխավորած կուսակցության ազդեցիկ ներկայացուցիչներից նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմն էր պնդել՝ Հայաստանով անցնող ճանապարհը պետք է բացվի։ Այսօր էլ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն է խոսել այդ երթուղու մասին՝ ընդ որում ընդգծելով Թուրքիայի համար դրա տնտեսական օգուտները։ Թուրք նախարարի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու այլընտրանքը և թյուրքական աշխարհը միավորող գործոն, կնպաստի Թուրքիայում արդյունաբերության, տեխնոլոգիայի և զբոսաշրջության զարգացմանը»։

Պաշտոնական Անկարան, այդուհանդերձ, չի պարզաբանում՝ ինչու են դեմ, որպեսզի Ադրբեջանը Նախիջևանին, ապա Թուրքիային կապող այդ ուղին լինի այն երկրի իրավազորության ներքո, որտեղով անցնում է․ սա է Երևանի պայմանը։

Այդ հարցով Հայաստանի իշխանությունների կոշտ դիրքորոշման ֆոնին անցած ամիսներին Բաքուն հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքը կորցրել է իր գրավչությունը», նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։ Տարեսկզբից, սակայն, հարցը կրկին օրակարգ բերեց՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը նշել էր, թե Բաքուն չի վստահում հայ իրավապահներին, թեև կողմերը խաղաղության պայմանագրի կնքման մտադրության մասին են խոսում:

Հաշտեցման գործընթացի մասին այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն է խոսել և վստահեցրել, թե Բաքուն քայլեր է ձեռնարկում խաղաղությունը տարածաշրջան բերելու ուղղությամբ։ Որոնք են այդ քայլերը՝ Բայրամովը չի մանրամասնել, փոխարենը կրկին հայկական կողմին մեղադրել է ռևանշիստական նկրտումներ ունենալու մեջ. - «Խաղաղ գործընթացում առաջընթացի համար միջազգային հանրությունը պետք է դրական քայլեր ձեռնարկի՝ Հայաստանին զերծ պահելու ռազմաքաղաքական ռևանշիստական միտումներից և խրախուսելու նրան ազնիվ և բաց երկկողմ բանակցություններ վարել ադրբեջանական կողմի հետ»։

Մինչ այդ, Բաքուն հրաժարվում է ետ քաշել զորքը Հայաստանի օկուպացված տարածքներից, խուսափում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հստակ սահմաններով ճանաչելուց, խաղաղության պայմանագրի ստորագրման համար նորանոր պահանջներ է ներկայացնում, այդ թվում՝ ներքին օրենսդրության փոփոխություն, խնդրահարույց է համարում նաև սպառազինություն ձեռք բերելու Երևանի փորձերը։

Միաժամանակ, Ադրբեջանը շարունակում է զինվել և մեծացնել սեփական ռազմական ծախսերը: Վարչապետ Ալի Ասադովի այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ Բաքուն 2023 թվականին 2022-ի համեմատությամբ մոտ 20 տոկսով ավելացրել է պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտի ծախսերը՝ ֆինանսական հատկացման ծավալը հասցնելով մոտ 3.5 միլիարդ դոլարի: Ասադովը շեշտել է՝ կառավարությունը շարունակելու է մեծացնել բանակում ներդրումների ծավալները։

Ադրբեջանի զինված ուժերում վերջին շաբաթներին մեկնարկած լայնածավալ զորավարժություններն էլ շարունակվում են, այսօրվա փորձարկումները ծանր զինտեխնիկայի կիրառմամբ էին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` ադբեջանական բանակի հրթիռային և հրետանային կազմավորումներն ինքնագնաց և քարշակվող հրետանային կայանքների՝ այդ թվում «Սմերչ»-ի, «Գրադ»-ի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ վարժանքներ են իրականացրել՝ «կատարալեգործելու թշնամու թիրախները ճշգրիտ հայտնաբերելու և ոչնչացնելու հմտությունները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG