Իսրայելի ռազմական կաբինետն այսօր Թել Ավիվում քննարկել է Գազայում հրադադար հաստատելու հարցով «Համաս»-ի նոր առաջարկը:
Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի՝ Նեթանյահուի կառավարությանն առաջարկի բաղկացուցիչն իսրայելցի պատանդներին պաղեստինցի գերիների հետ փոխանակելն է:
Իսրայելի կառավարությունը քննարկումից հետո հայտարարել է, որ «Համաս»-ի առաջարկն անիրատեսական է, սակայն ավելացրել է, որ առաջիկայում պատվիրակություն կգործուղվի Քաթար՝ հարցն ավելի մանրամասն քննարկելու համար: Կառավարությունը նաև հայտնել է, որ հաստատել է Ռաֆահում ռազմական գործողություն անցկացնելու ծրագիրը:
Ռաֆահը գտնվում է Գազայի հարավում: Այնտեղ ավելի քան մեկ միլիոն պաղեստինցի է ապաստանել: Իսրայելի բանակը հավաստիացրել է, որ կնախապատրաստի խաղաղ բնակչության տարհանումը:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվել է, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից հարձակվել են հրեական բնակավայրերի վրա, ինչի հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250-ը պատանդառվել է: Իսրայելի պատասխան գործողություններից հետևանքով Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 31 հազար մարդ, ավելի քան 72 հազարը վիրավորվել է: