Մատչելիության հղումներ

Թեհրանը Երևանի հետ քննարկել է պաշտպանական փոխգործակցությունը զարգացնելու հարցեր․ Աշտիանի


Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին, արխիվ
Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին, արխիվ

«Պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու նպատակով մենք հանդիպումներ ենք անցկացրել տարբեր երկրների հետ», - երեկ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին՝ շեշտելով նաև Հայաստանի անունը։

Աշտիանին ասել է, որ Թեհրանը հասել է ինքնաբավության անօդաչու թռչող սարքերի շարժիչների արտադրության ոլորտում՝ ընդգծելով՝ պաշտպանական արտադրանքի արտահանման ծավալները վերջին երկու տարվա համեմատ աճել է 4-5 անգամ։

«Հաշվի առնելով տարածաշրջանային պայմաններն ու ներկա իրավիճակը՝ առաջիկա տարիներին այդ ծավալները կավելանան՝ կախված արտադրվող զենքերից ու ներկայացվող նորամուծություններից», - հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ հիմա Թեհրանն աշխատում է ծանր շարժիչների արտադրության վրա։

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է պաշտպանական զենք գնել՝ անկախ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային իրավիճակ կլինի։

«Հայաստանի Հանրապետության կողմից գնվող զենք-զինամթերքը ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի: Իհարկե, չեմ կարող հերքել, որ կա վտանգ, ու այդ վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից, ու մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, մեր երկրի սուվերենությունը», - փետրվարի վերջին, Հայաստանի պաշտպանության նախարարությունում, ֆրանսիացի իր գործընկերոջ հետ ասուլիսի ընթացքում, հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Օրեր անց Պապիկյանը Իրանում էր։ Նրա այցից հայկական կողմը մանրամասներ չհաղորդեց։ Նշվեց, որ Պապիկյանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի, Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարի հետ, քննարկել ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

XS
SM
MD
LG