Մատչելիության հղումներ

Աշոտն ու Գայանեն՝ իրարից տարբերվող երկվորյակներ


26-ամյա Գայանեն մանկության տարիներին փնտրել ու չի գտել պատասխանները՝ ինչո՞ւ իր հետ նույն օրը ծնված երկվորյակ եղբայրն իր նման չէ՝ լիարժեք ոտքեր չունի։ Ինչո՞ւ Լոռու Վարդաբլուր գյուղում իրենց բակի խաղերին իր հետ չէր մասնակցում, ինչո՞ւ իր հետ գյուղի դպրոց չեկավ։

«Ավելի փոքր տարիքում, հենց էն ժամանակ, երբ որ դպրոց գնացի մենակ ես, արդեն սկսվեց ինչ-որ սենց խառը մտքեր մոտս: Բայց փակ երեխա եմ եղել, շատ չեմ արտահայտվել, իմ մեջ փորձել եմ հասկանալ՝ ինչի, ինչի է իմ եղբայրը տարբերվում», - «Ազատությանն» ասաց Գայանեն:

Կյանքի առաջին ամիսներին արդեն պարզ էր՝ Աշոտը ծնվել է խնդիրներով։ Դա երկվորյակներին առանձնացրել է շատ հարցերում։

Աշոտն ասում է՝ ինքն էլ չէր ուզում մարդկանց աչքին երևալ՝ նրանց զննող հայացքներից ու անպատեհ հարցերից հեռու մնալու համար։

Քրոջ հետ այսօր էլ հաճախ է քննարկում՝ ինչո՞ւ այդպես էլ չստացվեց անգամ խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված կրթօջախ հաճախել ու գոնե նվազագույն կրթություն ստանալ։

Գայանեն դեռ պատանեկության տարիներին է որոշել սոցիալական աշխատող դառնալ՝ գտնելու իր հարցերի պատասխանները. - «Ընտրեցի մասնագիտությունը, որով հիմա էլ փորձում էլի իմ չափով գոնե մարդկանց մեջ մի փոքր վերաբերմունք փոխեմ ու հենց ընկալումը երեխեքի ու իրենց հասակակիցների՝ իր նկատմամբ ընկալումը ու կողքինների ընկալումը հենց տվյալ երեխու նկատմամբ, փորձում եմ մի քիչ փոխել»:

Արդեն դպրոցում է աշխատում և օգնում դժվարություններ ունեցող երեխաներին ու առաջին հերթին նրանց ծնողներին։ Ասում է՝ շատ հաճախ հենց ծնողներն իրենք չգիտեն՝ ինչ անել հաշմանդամություն ունեցողների համար անհարմար իրենց համայնքում երեխաների կյանքը փոքր-ինչ հեշտացնելու համար։

26-ամյա Աշոտն ու Գայանեն առաջին անգամ տեսախցիկի առաջ խոսում են իրենց դժվարությունների մասին ու նշում՝ երկար են քննարկել տանը՝ համաձայնե՞լ երևալ մարդկանց, թե՞՝ ոչ։

Աշոտը երկար շփումից հետո ժպտաց ու որոշեց՝ գուցե առաջիկայում որևէ ձեռքի աշխատանք սովորի։ Անհամբեր սպասում է՝ քիչ հեռու՝ Վահագնի գյուղում, «Աստղիկ» բարեգործականը վերականգնողական կենտրոն է կառուցում հատուկ Աշոտի և իր նման դժվարություններով ապրող երեխաների ու երիտասարդների համար։

«Ազատության» ռադիոռեպորտաժը՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG