Միացյալ Նահանգների նախկին նախագահ, նոյեմբերին կայանալիք ընտրություններում Հանրապետական կուսակցության ամենահավանական թեկնածու Դոնալդ Թրամփը Ֆլորիդա նահանգում գտնվող իր առանձնատանը հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։
«Մեզ հարկավոր են այնպիսի առաջնորդներ, որոնց հարգում են և որոնք ի վիճակի են խաղաղության հասնելու», - հանդիպման ավարտին սոցցանցերում գրել է Օրբանը՝ հավելելով. - «Թրամփն այդպիսի մարդկանցից մեկն է»։
Հունգարիայի վարչապետը նաև պնդում է, որ այսօր համաշխարհային քաղաքականության մեջ ամենախոշոր հակամարտությունն է ծավալվել՝ «գլոբալիստների և այն մարդկանց միջև, որոնք հավատում են ազգային ինքնիշխանության գաղափարին»։ «Ես ուրախ եմ, որ ինքնիշխանության կողմնակիցները ԱՄՆ-ում բազմաթիվ բարեկամներ ունեն», - նշել է Օրբանը։