Պաշտոնական Անկարան պատրաստակամություն է հայտնում հյուրընկալել խաղաղության պայմանագրի կնքմանը միտված ռուս-ուկրաինական բանակցությունները։ Այս մասին ուրբաթ երեկոյան, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ստամբուլում կայացած բանակցությունների ավարտին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։
«Պատերազմի սկզբից ի վեր մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որ պատերազմն ավարտվի բանակցությունների միջոցով։ Մենք պատրաստ ենք հյուրընկալել խաղաղության համաժողովը, որին կմասնակցի նաև Ռուսաստանը», - ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Անկարան շարունակում է աջակցել Ուկրաինայի եվրատլանտյան ձգտումներին։
«Շատ կարևոր է, որ Ուկրաինան տնտեսապես չտապալվի՝ ի վիճակի լինելով նաև կայուն անվտանգության ապահովման մեխանիզմներ ձևավորել», - հայտարարել է Էրդողանը։