Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը, Բրիտանիան իրենց քաղաքացիներին զգուշացնում են Մոսկվայում ահաբեկչության վտանգի մասին


ԱՄՆ դեսպանատունը Մոսկվայում, արխիվ
ԱՄՆ դեսպանատունը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր երկրի քաղաքացիներին առաջիկա երկու օրվա ընթացքում Մոսկվայում հնարավոր ահաբեկչությունների մասին։

«Դեսպանատունը տեղեկություններ ունի, որ ծայրահեղականները ծրագրում են մոտ ապագայում թիրախավորել Մոսկվայում բազմամարդ հավաքները, այդ թվում՝ համերգները: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել մեծ կուտակումներից», - հայտարարել է ամերիկյան դեսպանատունը` առանց այլ մանրամասների։

Ավելի ուշ նույն զգուշացումը տարածել են նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն ու ԱՄՆ Պետդեպարտամենտի հյուպատոսական բյուրոն։ Պետդեպարտամենտը Ռուսաստան մեկնելու վտանգը գնահատել է առավելագույն բարձր՝ չորորդ աստճան, որը նշանակում է՝ այդ երկիր չպետք է մեկնել: Լատվիայի արտգործնախարարությունն էլ այսօր է կոչ արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան այցելելուց, իսկ այդ երկրում գտնվողներին էլ՝ հնարավորինս արագ լքել երկիրը, կամ՝ խուսափել զանգվածային միջոցառումների մասնակցելուց։

Այսօր՝ Կանանց միջազգային օրը, Մոսկվայում նախատեսված են տարբեր միջոցառումներ՝ այդ թվում՝ համերգներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն, իր հերթին, երեկ հայտարարեց, թե Կալուգայի շրջանում չեզոքացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների, որոնք հարձակում էին նախապատրաստում Մոսկվայի «հրեական կրոնական հաստատություններից մեկի» վրա։ Գերատեսչությունը հաղորդում է, թե զինյալները եղել են ահաբեկչական խմբավորման աֆղանական թևից, ձերբակալության պահին կրակ են բացել և վնասազերծվել են պատասխան կրակով։ Հատուկ ծառայությունների հրապարակած տեսանյութում երևում են ոչ միայն զգետնված տղամարդիկ, այլև՝ զենք-զինամթերք։ Արդյոք կապ կա այս խմբի ու ամերիկյան դեսպանատան տարածած զգուշացումների միջև՝ հստակ չէ։ Ռուսաստանի պաշտոնական աղբյուրներն օտարերկրյա դեսպանատների նախազգուշացումները որևէ կերպ դեռ չեն մեկնաբանել։

"Важные новости"-ն, ի դեպ, ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ դիվանագետներն ահաբեկչական հարձակումների հավանականությունը մոտալուտ են գնահատում։

Համեմատելու համար՝ ամերիկացի դիվանագետները նույն ձևակերպումն էին օգտագործել 2022 թվականի փետրվարի կեսերին՝ պնդելով, թե Ռուսաստանը մոտ ապագայում հնարավոր է ներխուժի Ուկրաինա: Այդ զգուշացումից օրեր անց՝ փետրվարի 24-ին Կրեմլը պատերազմ սկսեց հարևանի դեմ, որը շարունակվում է արդեն ավելի քան երկու տարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG