Մատչելիության հղումներ

Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը կբերի բախման. Թեհրանից զգուշացնում են


Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը տարածաշրջանը վերածելու է ուժերի բախման կետի և ավելի շատ մարտահրավերներ է ստեղծելու խաղաղության և կայունության համար, Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարն է զգուշացրել Հայաստանի պաշտպանության նախարարին։ Սուրեն Պապիկյանը երեկվանից է Թեհրանում։

Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին Պապիկյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանեն տարածաշրջանի երկրները, այլ մոտեցում Թեհրանի համար ընդունելի չէ։

Մինչև Թեհրան այցելելը Պապիկյանը Երևանում ընդունել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարին, ռազմական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը խորացնելու նոր փաստաթղթեր ստորագրել։ Ֆրանսիան Հայաստանին ռադարներ ու հրթիռներ պետք է տա։ Արդյոք Իրանի պաշտպանության նախարարը այս սերտ համագործակցության մասին է ակնարկել՝ ոչ իրանական լրատվամիջոցները, ոչ էլ հայկական կողմը փակագծեր չեն բացել։

«Զգուշավորությունը միշտ կարևոր է, ռադիկալ, կտրուկ քայլերի հռետորաբանությանը տրվելը տարածաշրջանային ուժերի համար ստեղծում է անկանխատեսելիության մթնոլորտ», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրանագետ Ալեն Շադունցը։

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ավելի զգուշավոր գործի Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելիս, կարողանա Թեհրանին համոզել, որ Իրանի դեմ չեն այս քայլերը, սա Հայաստանի պաշտպանության նպատակով է. - «Սա ոչ թե արևմտյան ներկայության ուժեղացում է տարածաշրջանում, այլ զուտ Հայաստանի պաշտպանական մեխանիզմներին տարբեր ձևերով ամրապնդում»։
Իսկ Հայաստանի վարած դիվանագիտությունից ի՞նչ եզրահանգման է եկել իրանագետը, կկարողանա՞ Թեհրանին համոզել, որ տարածաշրջանից դուրս Հայաստանի փնտրտուքը պաշտպանության նպատակով է, որ իրավիճակը չլարվի։

«Համենայն դեպս, գոնե մեկնաբանությունների դաշտում ես կնախընտրեի մի քիչ ավելի շատ զգուշավորություն, քան այն, ինչ որ հիմա տեսնում ենք», - նշեց Շադունցը։


Ըստ Ալեն Շադունցի՝ Հայաստանը պետք է խուսափի կտրուկ հռետորաբանությունից, Իրանի համար լինի կանխատեսելի գործընկեր, որ կասկածամտորեն չնայի իր անվտանգությունը ուժեղացնելու փնտրտուքներին. - «Իրավիճակը բավականին նոր է Իրանի համար, ու Իրանը այս նոր միջավայրում պետք է նոր կարմիր գծեր սկսի։ Թե այդ գիծը կոնկրետ որտեղով է անցնում, այստեղ Հայաստանը պետք է փորձի որոշակի ներդրում ունենալ, որ գիտեք՝ եթե մենք Ֆրանսիայից զենք ենք բերում, դա չպիտի նշանակի, որ մենք ինչ-որ կամիր գիծ ենք խախտում, որ մենք վնաս ենք հասցնում ձեր տարածաշրջանային ընդգրկվածությանը»։

Հայ-ֆրանսիական հարաբերությունները խորացնելիս արդյոք հայկական կողմը տեղյակ էր արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Իրանի տրամադրություններից։ Պաշտպանության նախարար Պապիկյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին հայտարարել էր, թե այդ քայլերը որևէ մեկի դեմ չեն։

Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարների հանդիպման մանրամասները իրանական լրատվամիջոցներն են հայտնել։ Պապիկյանը երեկ հանդիպել է նաև Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ, քննարկել ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG